«Երբ դրսում այլընտրանք առաջանա, խորհրդարանական ճգնաժամ կլինի, և մենք միգուցե մյուս տարի նոր խորհրդարանական ընտրություններ կունենանք». քաղաքագետ
Հայաստանի Հանրապետությունը, ըստ վերջին Սահմանադրության, անցում է կատարել խորհրդարանական կառավարման մոդելի, իսկ խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում առաջին պլան են գալիս կուսակցությունները, մինչդեռ Հայաստանում, հատկապես՝ իշխանափոխությունից հետո, քաղաքական կուսակցությունները վերջնականապես վարկաբեկվեցին: 168.am–ի հետ զրույցում քաղաքական սպասումների մասին մեր դիտարկմանն այսպես արձագանքեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ նշելով, որ քաղաքական համակարգը փլուզված է:
«Նման պարագայում, երբ կուսակցությունները պետք է կատարեն հիմնական դերը, բայց դրանք չկան՝ մենք նորմալ խորհրդարան օբյեկտիվորեն չէինք կարող ունենալ:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապա այն չկայացած կուսակցություն է, ֆորմալ կառույց, և որոշումներ այդտեղ չեն ընդունվում, իսկ սույն կուսակցության կազմի մեծ մասի մասին խորը գիտելիքներ պետք չի՝ հասկանալու, որ պատահական մարդիկ են մեծ մասամբ, և նրանց քննարկումները, ոճը, լեքսիկոնը, շուկայական մանր քննարկումները նույնիսկ անցյալ խորհրդարանից ավելի տհաճ են (համենայն դեպս, ինձ համար): Իսկ այն մարդիկ, ովքեր ունեն գիտելիքներ, ովքեր նկատում են էդ ներկուսակցական խնդիրները, վերևից որոշումներ ընդունելը և այլն… նրանք նախընտրում են լռել:
Մենք ունենք մի գորշ մարմին: Այս խորհրդարանը քաղաքական մարմին չէ, ըստ էության, և որոշումներն այլ տեղ են ընդունվում. սրանք ուղղակի կոճակ սեղմողներ են»,- նշեց քաղաքագետը:
Լուծում, ըստ նրա՝ քաղաքական դաշտի ձևավորումն է՝ խորհրդարանից դուրս. «Դրա համար՝ թիվ մեկ խնդիրը, որը պետք է լուծվի, այն է, որ քաղաքական դաշտից դուրս գտնվող այդ ուժերը սկսեն օրակարգ ստեղծել: Այսօր հանուն ճշմարտության պետք է ասել, որ օրակարգ ձևավորում է Նիկոլը, և կա ընդդիմություն կամ մարդիկ, ովքեր ընկալվում են՝ որպես ընդդդիմություն՝ որոնք նրա հետ համաձայն չեն: Ասել է թե՝ կա «նիկոլիզմ» և «հականիկոլիզմ». երկու դեպքում էլ՝ նրա անունն է, այսինքն, օբյեկտիվորեն դիսկուրսը նրա շուրջ է. այս պայմաններում նոր քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել. պետք է օրակարգը դրսում ձևավորվի, և Նիկոլը լինի հակա այդ ուժին:
Ես կարծում եմ՝ այս խորհրդարանը երկար չի լինելու. երբ դրսում այլընտրանք առաջանա, խորհրդարանական ճգնաժամ կլինի, և մենք միգուցե մյուս տարի նոր խորհրդարանական ընտրություններ կունենանք, եթե այդ ուժերը կարողանան կազմակերպվել»:
Զարուհի Դիլանյան