Բաժիններ՝

««Զբոսաշրջիկները, շատ հաճախ ազատություն տալով հույզերին և վարքին, մոռանում են՝ ինչպես մեր, այնպես էլ՝ ցանկացած երկրում գործող անվտանգության կանոնների մասին, որի պատճառով էլ հաճախ դառնում են բռնարարքների զոհ». հոգեբան

«Կարծում եմ՝ զբոսաշրջության ոլորտի ցանկացած մասնագետի հետաքրքիր կլիներ հոգեբանական գիտելիքների և հնարքների վերաբերյալ ունեցած տեղեկատվության շնորհիվ կարողանալ հասկանալ, թե ի՞նչ է ուզում զբոսաշրջիկը, ի՞նչ է պետք, ինչպիսի՞ տուր-փաթեթ առաջարկել և ինչպե՞ս կազմակերպել նրա հանգիստը: Հենց այսպիսի հարցերի առանցքում է ձևավորվել «Զբոսաշրջության հոգեբանությունը», որը հիմա արդեն գործող ուղղություն է նաև Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Լոգոս» հոգեբանական և խորհրդատվական կենտրոնի ղեկավար Սյուզի Թումասյանը, ով նաև Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հոգեբանն է։

Ի դեպ, «Զբոսաշրջության հոգեբանության» ուղղության հիմնադիրները Հայաստանում հենց Սյուզի Թումասյանն ու Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահն են։

Ըստ հոգեբանի՝ զբոսաշրջիկի հետ ճիշտ ռապորտի՝ առաջին 30 րոպեների ընթացքում կոնտակտի ստեղծման համար շատ գործոններ են կարևոր՝ գործնական շփում, ձայնի տոն, միմիկաներ, ընդունած դիրք, խոսքի ճիշտ ձևակերպում։ Կարևոր է հասկանալ, թե հատկապես որ դեպքերում է պետք օգտագործել ձայնավորներ, և ինչ նշանակություն կունենան այդպես կազմված բառերը դիմացինի հոգեկանի վրա։

«Կամ, պատկերացնո՞ւմ եք, որքան հետաքրքիր կլիներ, եթե տիրապետեինք այնպիսի գիտելիքների, ինչպիսիք են, ասենք՝ ըստ արտաքին տեսքի, մշակութային առանձնահատկությունների, կրած հագուստի և աքսեսուարների, արտաքին տեսքի մեջ գույնին տված առավելության և վարքի, տուր մենեջերը կամ ոլորտի այլ մասնագետ, կարողանար որոշել զբոսաշրջիկ անձի հոգեբանական պատկերը»,- ասաց հոգեբանը՝ նշելով, որ այս և բազում այլ կարևոր առանձնահատկություններ ունի այսօր զբոսաշրջության հոգեբանությունը՝ ինչպես ոլորտի, այնպես էլ՝ ցանկացած անձի կյանքում:

Նա կարծում է, որ տեղեկատվական մեծ հոսքը, ժամանակի սղությունը, գործատուների կողմից աշխատանքի նկատմամբ պահանջվող որակները, սթրես գործոնները, լարվածությունը և հանգստին տրվող սահմանափակ ժամանակահատվածը նշանակալի ազդեցություն են թողնում մարդու հոգեկան աշխարհի վրա, ինչն էլ պատճառ է հանդիսանում տարեցտարի զբոսաշրջության աճի ավելացմանը:

«2018թ. համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը զբոսաշրջության 6 տոկոս աճ է գրանցել 2017թ. համեմատությամբ: Զբոսաշրջության աճ է նկատվել նաև Հայաստանում։ Ոլորտում տարեցտարի կատարելագործվող փոփոխությունները, տեսամեթոդական բազայի հարստացումները նոր հորիզոններ են բացում զբոսաշրջիկների կացության, հարմարավետության, ծառայությունների մատուցման էլ ավելի ճիշտ և հետաքրքիր կազմակերպելու հարցում: Վերջին նմանատիպ նորարարություններից է Հայաստանում առաջին անգամ հոգեբանության մեջ նոր ուղղության զարգացումը` զբոսաշրջության հոգեբանությունը, որը հնարավորություն է տալիս ոլորտի մասնագետներին ունենալ նախ՝ հոգեբանական նախապատրաստվածություն, և ձեռք բերած գիտելիքների շնորհիվ կարողանալ արագ ճանաչելով զբոսաշրջիկին` ըստ մշակութային առանձնահատկությունների (չինացի, ամերիկացի, ռուս զբոսաշրջիկներին բնորոշ), ըստ արտաքին տեսքի (ըստ կրած հագուստի, աքսեսուարների), անգամ անատոմիական առանձնահատկությունների (դեմքի, մարմնի ձևի), ըստ կրած գույների (որ գույնին է առավելություն տված), ըստ ժեստերի և միմիկայի՝ ճիշտ կողմնորոշվել զբոսաշրջիկի հանգիստը կազմակերպելու հարցում, ճիշտ տուր-փաթեթ առաջարկելու համար»,- ասաց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հոգեբան Սյուզի Թումասյանը։

Վերջինս կարծում է, որ նկատելի որակական փոփոխություններ են նկատվում ոլորտում նաև զբոսավարների հոգեբանական պատրաստվածության շնորհիվ, զբոսաշրջիկների խմբակային այցերի ժամանակ տարբեր կոնֆլիկտների հաղթահարման, յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ցուցաբերելու համար:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են զբոսաշրջիկները հարմար թիրախ դառնում բռնարարների համար, Սյուզի Թումասյանն ասաց.

«Զբոսաշրջիկները, շատ հաճախ ինչ-ինչ ազդեցությունների ներքո ազատություն տալով հույզերին և վարքին, մոռանում են՝ ինչպես մեր, այնպես էլ՝ ցանկացած երկրում գործող անվտանգության կանոնների մասին, որի պատճառով էլ հաճախ դառնում են բռնարարքների զոհ։ Ի՞նչ պետք է անեն դրանից խուսափելու համար: Ցանկալի է ճանապարհորդելիս օգտվել ուղեկցորդի կամ զբոսավար ուղեկցորդի ծառայություններից։

Այսօր մեզ մոտ կան կազմակերպություններ, որոնք ունեն պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ ուղեկցորդներ, որոնք, չնայած նրան, որ իրենց պարտականությունների մեջ չի մտնում, բայց ելնելով իրենց մասնագիտական մեծ պատասխանատվության զգացումից՝ ապահովում են զբոսաշրջիկի անվտանգություն»։

Բացի վերը նշվածից, ըստ հոգեբանի՝ կան ապահովագրական ընկերություններ, որոնք ունեն «Կյանքի և առողջության ապահովագրություն», որից կարող են օգտվել Հայաստան եկող զբոսաշրջիկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս