Բաժիններ՝

Ու այս անգամ ևս ոստիկանությունը այս մասին ոչինչ չի հաղորդում: Հետաքրքիր է, ինչո՞ւ

Երեկ ոստիկանությունը տեղեկություն և տեսանյութ է հրապարակել Գնդեվազ համայնքում խուլիգանության դեպքի մասին:

Սա կարելի է առաջընթաց համարել, քանի որ արդեն որերորդ անգամ 168.am-ն իր ընթերցողին տեղեկացնում էր Ջերմուկում կամ շրջակա համայնքներում տեղի ունեցած ծեծկռտուքի կամ ընդհարումների դեպքի մասին, որոնց մասին Ոստիկանությունը տարօրինակ կերպով լռում էր, կամ մեր հրապարակումից հետո կցկտուր տեղեկություններ էր հաղորդում:

Այս անգամ ոստիկանությունը Ջերմուկում և շրջակայքում արդեն պարբերական դարձած ծեծկռտուքի ու խուլիգանության մասին հաղորդում է նախօրոք՝ չսպասելով մամուլի հրապարակմանը: Սակայն այս, ինչպես նաև նախորդ միջադեպերի դեպքում էլ կա մի հետաքրքիր առանձնահատկություն: Այս անգամ ևս ոչինչ չի ասվում ծեծկռտուքի մասնակիցների ով լինելու մասին:

Ինչպես հայտնի է, Գնդեվազն Ամուլսարի շրջակա համայնքներից մեկն է: Ամուլսարի ճանապարհն արդեն մեկ տարի փակ պահող խմբի անդամները հիմնականում Ջերմուկից ու Գնդեվազից են: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ ինչպես և նախորդ անգամները, այս անգամ ևս խուլիգանության մասնակիցներն Ամուլսարի ճանապարհները փակողներն են: Ու այս անգամ ևս ոստիկանությունն այս մասին ոչինչ չի հաղորդում: Հետաքրքիր է, ինչո՞ւ: Ինչո՞ւ է հանրությունից թաքցվում այն փաստը, որ տարեսկզբից մինչ օրս արդեն մի քանի բախում է եղել համայնքի բնակիչների և ճանապարհները փակողների, ինչպես նաև հենց ճանապարհը փակող խմբի անդամների միջև: Արդյո՞ք խնդիր կա թաքցնելու համայնքում Ամուլսարի շուրջ ստեղծված լարվածության խնդիրը:

Մեր տեղեկություններն անուղղակիորեն օրերս հաստատեց նաև «Լիդիան Արմենիայի» տնօրենը՝ օրերս հրապարակված հարցազրույցում ասելով, որ իրենք նույնպես համայնքներից պարբերաբար տեղեկություն են ստանում ծեծկռտուքների ու բախումների մասին, ու այս մասին փաստերը հանրությանը չեն հաղորդվում: Արդյո՞ք սա չի գալիս հաստատելու այն թեզը, որ ճանապարհների փակումը վաղուց դադարել է բնապահպանական խնդիր լինելուց և վերածվել է այդ տարածաշրջանում անկառավարելի վիճակի: Սա գուցե այնքան վտանգավոր չթվար, եթե խոսքը երկրի խոշորագույն ներդրողի շուրջ առանց այդ էլ ստեղծված տարօրինակ վիճակի, հիմա արդեն՝ կրիմինալ իրադարձությունների մասին չլիներ: Սա՞ է արդյոք ներդրումների համար կառավարության խոստացած բարենպաստ մթնոլորտը: Երբ 400 միլիոն դոլարի ներդրման ճանապարհներն արդեն մեկ տարի փակ են մի խումբ երիտասարդների կողմից, ու այդ անձանց միջև արդեն պարբերական դարձած կրիմինալ իրադարձությունների մասին հանրությանը չի հաղորդվում, կամ հաղորդվում է կիսատ-պռատ, առանց նշելու, որ խոսքը հենց «բնապահպան»- ցուցարարների մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս