«Չի կարող լինել այնպես, որ ՍԴ գործունեությանը որևէ մեկ անձ, նույնիսկ՝ ՍԴ դատավոր, միջամտի». Արամ Վարդևանյան

«Ես հույս ունեմ՝ որոշ ժամանակ անց մենք բոլորս կգիտակցենք,  կարժևորենք Սահմանդրության օրը՝ որպես իսկական կարևորագույն պետական տոն, քանի որ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության, իրավական ու ժողովրդավար պետություն լինելու հիմքն է»,- լրագրողների հետ հանդիպումը շնորհավորական ուղերձով և այս դիտարկումներով սկսեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։ Նա հիշեցրեց, որ 1995թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրությունն անթերի փաստաթուղթ չէր, սակայն ստեղծեց սահմանադրական մշակույթը, որը դեռևս պետք է զարգանար ու այսօր էլ պետք է զարգանա. «1995թ.-ից մինչ օրս Սահմանադրությունը մեծ էվոլյուցիա է ապրել. 1995-ի Սահմանադրությունը կարելի է բնութագրել՝ որպես ժողովրդավարական արժեքներ ներդնող, հիմքը ստեղծող, բայց ոչ բավարար ժողավրդավարություն ունեցող փաստաթուղթ։ 2005-ի Սահմանադրությունն այդ առումով շատ մեծ քայլ էր դեպի ժողովրդավարություն, ու դա պատահական չէր, քանի որ դրան նախորդել էր ՀՀ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին»:

Ըստ բանախոսի՝ 1995 թվականից ի վեր ամենազարգացած և վերջին շրջանում ամենաքննարկված մարմիններից մեկը Սահմանադրական դատարանն է. «Սահմանադրական դատարանը պետական իշխանության ոչ մի ճյուղի մեջ չէ. այն վերիշխանական է, քանի որ ՍԴ-ն այն բացառիկ մարմինն է, որ կարողանում է  պետական իշխանության բոլոր ճյուղերի մարմինների կայացված որոշումների, ակտերի վերաբերյալ ներկայացնել դիրքորոշում, որոշել դրանց սահմանադրականությունը: ՍԴ-ն պետք է օժտված լինի անկախության և իրենց գործունեությանը չմիջամտելու բոլոր սահմանադրական և պրակտիկ երաշխիքներով. չի կարող լինել այնպես, որ ՍԴ գործունեությանը որևէ մեկ անձ, նույնիսկ՝ ՍԴ դատավոր, միջամտի:

ՍԴ-ն լինելով վերիշխանական մարմին, լինելով այն բացառիկ մարմինը, որն օժտված է սահմանադրական նորմերի մեկնաբանման լիազորությամբ, պետք է ունենա իր գործունեության բնականոն ընթացքը, և միջամտությունը պետք է ունենա իրավական հետևանքներ»:

 

«Մարդկանց իրավագիտակցությունը տարիների ընթացքում բարձրացել է, բայց այն չպետք է հանգեցնի այն վիճակին, երբ բոլորը վերածվում են սահմանադրագետների և արհեստավարժ մասնագետների»,- նկատեց սահմանադրագետը և հավելեց, որ առաջին բուժօգնության միջոցները բոլորը պարտավոր են իմանալ, բայց դա մարդկանց չի դարձնում սրտի վիրաբույժ, նույնն էլ սահմանադրական նորմերի իմացության դեպքում է:

Լրագրողի դիտարկմանը, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից սոցիալական ցանցերում դատավոր Արմեն Դանիելյանի դիմանկարով ոչ պարկեշտ բովանդակության լուսանկարների տարածումն ու ցույցերի ժամանակ լրագրողի մասնագիտական գործունեությանը միջամտությունը խոսում է քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման մասին, Ա.  Վարդևանյանը, ով նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ է, արձագանքեց.

«Կարծում եմ՝ կենտրոնանալ մեկ խմբի կողմից նման գործողությունների վրա, առնվազն անկեղծ չէ, քանի որ կարծում եմ՝ շատ ավելի մեծ օրինակներ գիտենք, որոնք վերաբերում են դատավորների գործունությանը, այդ թվում՝ լրատվամիջոցների  գործունեությանը խոչընդոտելուն: Դուք պարոն Դանիելյանի օրինակն եք բերում, ես կարող եմ նշել դատավորներ Դավիթ Գրիգորյանի և Ալեքսանդր Ազարյանի օրինակները: Այն ամենը, ինչ կատարվեց այդ երկու դատավորների հանդեպ, կարծում եմ՝ նույնիսկ անասելի երևույթներ են: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ երևույթ է, երբ դատավորի հեռախոսահամարը և հասցեն հրապարակում են՝ որպես ազդակ, և դա ներկայացնում են հանրությանը:

Ինչ վերաբերում է պարոն Դանիելյանին, ես որևէ կերպ չեմ կարող խրախուսել դատարանի, դատավորի, ցանկացած անձի արժանապատվության հանդեպ ոտնձգությունը, վիրավորական արտահայտությունները: Քննադատությունը, միանշանակ, խրախուսելի է: Կարծում եմ՝ պարոն Դանիելյանի վերաբերյալ քննադատական դիրքորոշումը շատ հասանելի է մասնագիտական հանրությանը»:

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս