Բաժիններ՝

«Կարող է լվացքի փոշուց, տարբեր թույներից լինել». Բերբերյանը՝ Գեղարքունիքում կովերի անկման պատճառի մասին

Սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել: Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկի փոխանցմամբ՝  կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռել են, հետո՝ սատկել:

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դա առաջին դեպքը չէ:

«Հատկապես ամռան ամիսներին են նման դեպքեր եղել, օրինակ՝ Գավառում, Մարտունիում, այս անգամ էլ, փաստորեն, Սևանում է: Դա կապված է Սևանի ջրի մամռակալման հետ, բացի դրանից՝ կոյուղու ջրերը որ գալիս են՝ աղտոտված են: Կոյուղու համար անհրաժեշտ խողովակները վաճառեցին, թե դրա գումարն ո՞ւր գնաց, այդպես էլ չիմացանք. գերմանական բարձր որակի խողովակներ էին: Ջրերն այդտեղ մաքրվում, նոր լցվում էին Սևան: Այդտեղ կարող է և՛ օճառի, և՛ լվացքի փոշի լինել, տարբեր թույներ, ախտահանիչներ, և այլն: Այդ հատվածում նաև ծառեր են կտրել, դրանք լճի տակ են ու բորբոսանյութ են արտադրում»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Կատարվածին  անդրադարձել է նաև Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով, թե այս դեպքերն իրենց  վերահսկողության տակ են:

«Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել:

Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել է, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ:

Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք՝ նաև անկումներ: Նախնական տվյալներով՝ հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները»,- նշել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս