Ինչո՞ւ են երկարաձգվում գազային բանակցությունները, և ի՞նչ արդյունք սպասել․ մեկնաբանում է փորձագետը
«Կա կարծիք, որը մասամբ համապատասխանում է իրականությանը՝ գազային բանակցություններում կա քաղաքական գործոն, քաղաքական վստահության մակարդակի խնդիր»,- այս մասին այսօր մեզ հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։
Հիշեցնենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը խոսել էր բանակցություններից։ Նա նշել էր, որ գազի սակագնի շուրջ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում: Նրա խոսքով՝ ներքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ: Դրա հետ, ըստ նրա, ավելի շատ կարող է կապվել սահմանին գազի գնի ձևավորման հարցը:
Դիտարկմանը, թե դրանից ենթադրվում է, որ սահմանին գազի գինն ավելի ցածր կլինի, Գարեգին Բաղրամյանը պատասխանել է. «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Բնականաբար, մենք բանակցում ենք նվազեցման շուրջ»: Նա նշել է նաև, որ գնի նվազեցման առումով այս պահին չի կարող ոչինչ ասել, քանի որ դա կախված է բանակցությունների ավարտից:
Սիմոնովն ասաց, որ գազային բանակցությունները երկարաձգվում են մի շարք խնդիրների պատճառով։ Ըստ նրա՝ կա կարծիք, որը մասամբ համապատասխանում է իրականությանը՝ գազային բանակցություններում կա քաղաքական գործոն, քաղաքական վստահության մակարդակի խնդիր։ Սակայն, վերլուծաբանի կարծիքով, այդ քաղաքական գործոնը, այսինքն՝ քաղաքական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց Ռուսաստանն արտոնյալ պայմաններով գազ է մատակարարում, փոխվում են, հարաբերություններում ձևավորվում են նոր կանոններ, որոնց սկսում է արձագանքել նաև Ռուսաստանի Դաշնությունը։
«Այս ամենը զարգացումները տանում է դեպի ապաքաղաքական, զուտ տնտեսական դաշտ, որտեղ քննարկելու բազում հարցեր կան, այստեղ գալիս է մաքուր տնտեսական բարդ բանակցային գործընթաց, երբ կողմերը սեփական շահերին համապատասխանող գին են ջանում բանակցել։ Չեմ կարող ասել, թե այս բանակցությունների արդյունքն ինչպիսին կլինի, քանի որ գործընթացի բաղադրիչները շատ են, վերջնական՝ սպառողին հասնող գինը կախված է թե «Գազպրոմ Արմենիայից», թե ռուսական կողմից, և թե վերջում միմյանց միջև ինչ գին կորոշեն։ Բայց կարծում եմ, հասկանալով միտումները, ԵԱՏՄ-ում ՌԴ գործընկերներն առաջարկում են այնպիսի տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա իրենց օգտվել էներգակիրներից այն գնով, ինչ Ռուսաստանում է գազը հասնում սպառողին։ Իհարկե, մինչ դա շատ ժամանակ կպահանջվի հասկանալու համար դրա շահավետությունը բոլոր կողմերի համար»,- ասաց վերլուծաբանը։ Նրա կարծիքով՝ մինչև տարեվերջ, ամենայն հավանականությամբ, բանակցությունները կմոտենան ավարտին։ Սիմոնովի խոսքով՝ ՌԴ նախագահի այցը ՀՀ հնարավորություն կլինի երկրների առաջին դեմքերի մակարդակով հարցը քննարկելու՝ վերջնական գինն ամրագրելու համատեքստում։
«Ի վերջո, խնդիրը կապված է ոչ միայն ռուսական կողմի հետ։ Հայկական կողմը կարող է օպտիմալացնելով իր աշխատանքը՝ սպառողին հասցնել գազ անփոփոխ գնով, ինչ ներկայումս։ Հիշեցնեմ, որ նախկինում սահմանին գինն այլ էր, իսկ սպառողին հասնում էր էականորեն ավելի թանկ, ինչը ներքին կարգավորման խնդիր էր։ Կարծում եմ՝ այդ գործընթացը ևս ներկայումս տեղի է ունենում»,- ասաց նա։