«Նիկոլ Փաշինյանը, հանդիսանալով պատասխանող կողմ, պետք է որոշի՝ ի՞նքն է ուզում ներկայանալ դատարան, թե՞ իր ներկայացուցիչը». Գարեգին Պետրոսյան

Երեկ «Ադեկվադ» հ/կ նախագահ Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել իր հայցն ընդդեմ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի։

Իր գրառման մեջ նա մասնավորապես նշել էր. «Չգիտեմ, քաղաքացի Փաշինյանը ոնց, բայց ես բավականին զբաղված եմ, այդ թվում նաև իր պատվերով մեր դեմ հարուցվող գործերի շրջանակներում, ես պատրաստ եմ արտադատական կարգով հարցը լուծել, եթե քաղաքացի Փաշինյանը համաձայնվի կատարել հայցում ներկայացված պահանջը և հրապարակավ ընթերցել հետևյալ տեքստը՝

«Տարիներ շարունակ ես՝ Նիկոլ Փաշինյանս, եղել եմ Հայաստանում հորինվող և տարածվող կեղծիքների ու զրպարտիչ նյութերի հիմնական հեղինակներից մեկը:

Այդ նյութերը ոչ միայն պառակտում էին մեր հասարակությունն ու կազմաքանդում պետության հիմքերը, այլ նաև իմ ուսերին քաղաքական բեռ էին բարդում: Օգտվելով Հանրապետությունում ստեղծված իրավիճակից և փորձելով իմ պատասխանատվության բեռը թեթևացնել՝ ես հանցավոր համաձայնության եկա ինձ ֆինանսավորող օտարերկրյա կառույցների հետ և իրենց օժանդակությամբ հանդիսացա Հայաստանում սահմանադրական կարգի տապալման առաջնորդ:

Ցավոք սրտի, իշխանության զավթմանը հետևեց պետության գահավիժումը ոչ միայն սահմանադրականության ոլորտում, այլ նաև տնտեսությունում, արտաքին հարաբերություններում, անվտանգության և մնացած բոլոր ոլորտներում: Փորձելով հերթական անգամ խուսափել պատասխանատվությունից՝ ես հրահանգեցի սահմանադրական կարգի տապալման օրը քողարկել ժողովրդական շարժման ներքո՝ այն քարոզելով իբր քաղաքացիական շարժման դրսևորում: Այս հրահանգի շրջանակներում խախտելով սահմանված կարգը՝ ես պարտադրեցի, որ Ազգային ժողովը լրացում կատարի «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սահմանի ևս մեկ տոնական օր, որը կկոչվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

Առերեսվելով իմ դեմ ներկայացված հայցադիմումի մեջ նշված փաստերի հետ և ի կատար ածելով դատարանի վճիռը՝ ես վերջապես ցանկանում եմ խոստովանել մեղքերս և քավության ճանապարհի մեկնարկը տալ՝ ներողություն խնդրելով Արթուր Դանիելյանից՝ իր արժանապատվությունը վիրավորելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր» սահմանելու համար այն օրը, որը պետք է նշվեր որպես մասսայական անգիտակցության և դրա հիմքում ընկած ստի ու կեղծիքի դատապարտման օր: Խոստանում եմ այսուհետ ջանք չխնայել իմ կողմից հասարակական պառակտումը մեղմելու և ատելության մթնոլորտը չեզոքացնելու ուղղությամբ: Կհրահանգեմ իմ աշխատակիցներին դադարել սոցցանցերում ֆեյքերով ատելություն սերմանելը, ինքս կդադարեմ ոտնձգությունները դատական համակարգի հանդեպ»:

Հ.Գ. Եթե քաղաքացի Փաշինյանը ընկրկի ու համառի, ստիպված կլինենք դատարանով պարտադրել…»:

168.am-ի հետ զրույցում «Ադեկվատ» ՀԿ անդամ, իրավաբան Գարեգին Պետրոսյանը հիշեցրեց, որ 2019թ. ապրիլի 9-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր ապրիլ ամսվա վերջին օրերից մեկը՝ շաբաթ օրը, իսկ եթե ապրիլի 24-ի հետ է համընկնում, ուրեմն՝ ապրիլի 25-ին, նշել ՀՀ քաղաքացու օր։

«Քանի որ այդ օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ սա վերաբերում է նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններին, փաստորեն ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետությունը, այս օրենքը ընդունելով, համարում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններին դեմ են եղել, ՀՀ քաղաքացի չեն։ Ու ըստ այդմ, իմ վստահորդ Արթուր Դանիելյանը հայցադիմում է ներկայացրել այս գաղափարը նախաձեռնող Նիկոլ Փաշինյանի դեմ ու նշել, որ այդ օրենքի ընդունմամբ վիրավորվել է իր՝ որպես ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087-ի 1-ին հոդվածով պահանջել է ներողություն խնդրել»՝ հայցադիմումի մեջ առաջարկելով նաև ներողության տեքստ. Տեքստի հարցը, սակայն, կորոշի դատարանը։

Մեր այն հարցին, թե վարույթ ընդունելուն ի՞նչ ընթացակարգեր պետք է հաջորդեն, Գարեգին Պետրոսյանն ասաց, որ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո այն ուղարկում են պատասխանող կողմին, տվյալ դեպքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով երկու շաբաթում պետք է պատասխան ուղարկի։

«Դրանից հետո նշանակում են նախնական դատական նիստ, որի ժամանակ ճշտվում են տեխնիկական հարցերը և նշանակվում է դատաքննություն։ Նիկոլ Փաշինյանը, հանդիսանալով պատասխանող կողմ, պետք է որոշի՝ ի՞նքն է ուզում ներկայանալ դատարան, թե՞ իր ներկայացուցիչը»,- եզրափակեց Գարեգին Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Դանիելյանն ասել էր.« Ես խնդրել եմ դատարանին պարտադրել, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի, քանի որ սահմանելով «Քաղաքացու օրը» այն հիմնավորմամբ, որով այն ընդունվել է, նա ինձ անվանել է չքաղաքացի` դրանով վիրավորելով ու խախտելով իմ բարի համբավը: Ըստ այդմ` ես դատարանի միջոցով պարտավորեցնելու եմ նրան ներողություն խնդրել ինձ վիրավորելու, խտրական վերաբերմունք դրսևորելու ու իմ իրավունքները խախտելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս