Հայ պառլամենտականները բացակայում էին. Ադրբեջանցիներին պատասխանեց Աշոտյանը
Մոսկվայում արդեն երկրորդ օրն է, տեղի է ունենում միջազգային համաժողով, որը կրում է «Պառլամենտարիզմի զարգացում» անվանումը: Համաժողովին մասնակցում են 130 երկրներից ժամանած պատվիրակներ, ներկա են նաև մի քանի տասնյակ ԱԺ խոսնակներ, ընդհանուր թվով՝ մոտ 600 մասնակից:
Նշենք, որ Հայաստանը համաժողովին նույնպես ներկայացված է բավականին մեծ թվով պատվիրակությամբ. այս համաժողովին, բացի պառլամենտական պատվիրակությունից, որպես առանձին քաղաքական ուժի ներկայացուցիչ, մասնակցում է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հուլիսի 1-ին տեղի ունեցած ամենակարևոր սեկցիայում, որը կոչվում էր «Միջազգային անվտանգություն», քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահներից մեկը, Թուրքիայի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և Սևծովյան համագործակցության կազմակերպության՝ ծագումով ադրբեջանցի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին և Արցախը թիրախավորած խիստ ելույթներ են ունեցել՝ տարածելով ադրբեջանական պրոպագանդայի ընդհանուր մեսիջները:
Հավելենք, որ ֆորումի շրջանակներում տվյալ քննարկումը եղել է ամենաառանցքայինն ու կարևորը:
Ցավոք, հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունից ոչ ոք ներկա չի եղել այդ նիստին և նախապես չի գրանցվել ելույթի համար: Միայն հուլիսի 2-ին ՀՀ կողմից եղել է հակադարձում. իրավիճակը փրկել է Աշոտյանը, ով տվեց ադրբեջանական գործիչների ապակառուցողական ելույթների պատասխանները: