ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու՝ Արևմուտքի փորձերի անօգտակարության մասին։ Շատերը ՌԴ առաջնորդի վերջին հայտարարությունները դիտարկում են որպես նախկին հռետորաբանության կրկնություն, մինչդեռ նախկին կոշտ արտահայտությունները ծառայում էին որպես նախազգուշացում՝ Մոսկվային չգրգռելու վերաբերյալ, իսկ այժմյան ազդանշանն այլ ուղերձ է պարունակում. «սպասեք պատասխանի»։ Սա կարող է նշանակել, որ Մոսկվայի համբերությունն անսահման չէ:

Արևմուտքը մտադիր չէ նահանջել. պատժամիջոցների ցուցակները գնալով ավելի են երկարում, ներառելով էներգետիկայի, ֆինանսների, պաշտպանական արդյունաբերության և նավագնացության ոլորտները: Թեկուզև ՌԴ տնտեսությանը վնասներ հասցվում են, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ պատժամիջոցներից Արևմուտքի սպասելիքները լիարժեք չեն իրականանում և ՌԴ-ն կարծես թե հարմարվել է: Հենց այդ դիմացկունությունն է առաջացնում Արևմուտքի դժգոհությունը: Ըստ էության, պատժամիջոցները բավականաչափ արդյունավետ չեն եղել, որպեսզի ստիպեն Մոսկվային՝ փոխել իր դիրքորոշումը: Չնայած իրենց արտաքին վճռականության դրսևորմանը, արևմտյան երկրները ևս հայտնվում են դժվարին իրավիճակում, քանի որ Ռուսաստանը չի զիջում՝ պահպանելով իր ռազմա-քաղաքական կեցվածքը:

Վերջին տարիներին Ռուսաստանը կենտրոնացել է երկու նպատակի վրա՝ առևտրային ուղիների վերակառուցում և այլ շուկաների անցում, ինչպես նաև արևմտյան մատակարարումներից կախվածության թուլացում և իր արդյունաբերության զարգացում: Շատերը կարծում էին, որ տարիներ շարունակ ճնշման տակ գտնվող Ռուսաստանը կթուլանա, բայց իրականում այն կարծես ավելի վճռական է դարձել իր ազգային շահերը պաշտպանելու հարցում: Իր վերջին ուղղերձով, ՌԴ նախագահը միջազգային հանրությանը նաև ազդանշան է տալիս, որ Ռուսաստանն ունի իր հակառակորդներին հյուծելու բավարար վճռականություն:
ՆԱՏՕ-ն չի թուլացնում Ռուսաստանի վրա ճնշումը: Դաշինքի՝ դեպի արևելք ընդլայնումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը Մոսկվայի կողմից դիտվում են որպես անվտանգության սպառնալիք՝ շատ ավելի վտանգավոր, քան տնտեսական պատժամիջոցներն են: ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը», ըստ որի Արևմուտքի կողմից ցանկացած անխոհեմ գործողություն կարող է բերել անցանկալի հետևանքների:

Արևմտյան քաղաքական էլիտաները շարունակում են կարծել, որ ֆինանսական գործիքների և քարոզչության միջոցով կարող են ենթարկեցնել Ռուսաստանին: Միաժամանակ Եվրոպան դժվարությունների է բախվում էներգակիրների բարձր գների, արդյունաբերական ձեռնարկությունների արտագաղթի և գնաճի պատճառով։ Ակնհայտ է նաև, որ անկախ նրանից, թե ինչպիսի նպատակներ ու կարգախոսներ են հռչակվում՝ Եվրոպայում շատերն այլևս չեն ցանկանում ապրել դժվարությունների ու անորոշ ապագայի մեջ։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը հարմարվում է ճնշմանը և պատրաստ է արձագանքել, եթե իր «կարմիր գծերը» հատվեն։ Սա նշանակում է, որ Արևմուտքը՝ նախքան Ռուսաստանի նկատմամբ հետագա գործողություններ ձեռնարկելը, պետք է կարողանա մինչև վերջ հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները։ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը, հերթական անգամ կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930