Ալիևը «Խոջալուի ցեղասպանության» հարցը քաղաքական օրակարգից չի հանել. Ովքե՞ր են  Բաքվում բաց նամակ գրել Ռուբեն Վարդանյանի, իրականում՝ Հայաստանի դեմ

Հունիսի 29-ի հայտնել ենք, որ  Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հարազատները, «հայկական ականների» պայթյուններից տուժածների և մահացածների հարազատները բաց նամակ են հրապարակել, որ միջազգային նախաձեռնությունները չպետք է Ռուբեն Վարդանյանից զոհի կերպար ստեղծեն:

Նշենք, որ  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին դատապարտվել է  20 տարվա ազատազրկման, Բաքվի պետական մեղադրողը, սակայն, ցմահ ազատազրկում էր պահանջել: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր է  ճանաչել մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, զինված անօրինական խմբավորումներ ստեղծելու ու ղեկավարելու և այլնի համար:

168.am-ն ուսումնասիրել է Ռուբեն Վարդանյանի դեմ բաց նամակի տակ ստորագրած ադրբեջանցի հասարակական գործիչների ով լինելն ու  գործունեությունը:

Ադրբեջանի «Ղարաբաղի անհայտ կորածների ընտանիքներ» հասարակական միավորման նախագահ Քյոնուլ Բեհբուդովա

Կարդացեք նաև

Նա պարբերաբար Հայաստանից պահանջել է զանգվածային գերեզմանների քարտեզներ տրամադրել, հատկապես կենտրոնացած է Խոջալուի ուղղությամբ անհայտ կորածներին որոնելու հարցի վրա, ընդունելով, որ հայկական կողմը «Խոջալուի ցեղասպանության» իրականացնողն է:

 Ադրբեջանցի շեհիդների ընտանիքների աջակցության «Զաֆար» հասարակական միության նախագահ Սևինջ Ալիզադե:

Նա նաև ներգրավված է Ադրբեջանի՝ Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեին կից Հասարակական խորհրդի կազմում:

Ավելին, Սևինջ Ալիզադեն 2016 թվականի Ապրիլյան պատերազմում ոչնչացված Ադրբեջանի բանակի փոխգնդապետ Ռագուֆ Օրուջովի այրին է: Հենց այս փաստով է պայմանավորված Ալիզադեի ընդգծված  հակահայկական հռետորաբանությունն ու դիրքորոշումը:

■  Ադրբեջանի ՀԿ-ների ազգային ֆորումի վարչության անդամ  Զաուր Իբրահիմլի

Տարբեր առիթներով նա հայտարարել է, որ «Հայաստանն ակտիվ շարունակում է զինվել՝ խաղաղության քողի տակ, իսկ միջազգային հանրությունն առաջնորդվում է երկակի ստանդարտներով»: Այսինքն, այն, որ Ադրբեջանը սպառազինության մատակարարման խոշոր պայմանագրեր է կնքում, զինվում, դա ադրբեջանցի հասարակական գործիչը չի նկատում և ոչ էլ հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը:

 «Ադրբեջանական լրագրողների ցանց» հասարակական միավորման նախագահ Այազ Միրզաև

Նա քննադատել է Հայաստանի «գիշատիչ հանքարդյունաբերությունը»՝ բնապահպանությանը վնաս հասցնելու տեսանկյունից:

Մարդու իրավունքներով զբաղվող  հասարակական միավորման ղեկավար  Ամիր Ալիև

Նա միացել է այն նախաձեռնություններին, որով պահանջվել է, որ Հայաստանի վրա եվրոպական երկրները ճնշում գործադրեն, որպեսզի հարցաքննվեն այն մարդիկ, որոնք գիտեն զանգվածային գերեզմանների վայրերը և կարող են իրենց անհայտ կորած համարվող անձանցից  որևէ մասունք գտնել: Ամիր Ալիևը տարբեր առիթներով փորձում է ապացուցել, որ Հայաստանը «ցեղասպան պետություն է» և իրականացրել է «Խոջալուի ցեղասպանությունը», ուստի «հանցագործները» պետք է դատարանի առաջ պատասխան տան:

«Խոջալուում հայտնաբերված մնացորդները ևս մեկ հաստատումն են այս հանցագործությունների կատարման: Նախևառաջ, դա ագրեսիայի հանցագործություն է. Ադրբեջանը երկար ժամանակ ենթարկվել է ագրեսիայի Հայաստանի կողմից: Դա նաև միջազգային հանցագործություն է: Եվ դա ցեղասպանության հանցագործություն է, որն արդեն ամբողջությամբ ճանաչված է միջազգային մակարդակով»,- 2025 թվականի մայիսին լրագրողների հետ զրույցում ասել է նա:

«Սոնմեզ Մաշալ» մշակութային կապերի հասարակական միավորման նախագահ  Շահլա Նագիևա

Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս քարոզում է, որ հայերն  իրականացրել են «Խոջալուի ցեղասպանությունը», և աշխարհը պիտի ճանաչի այս «ճշմարտությունը»:

«Մարդու իրավունքների և մեդիայի տարածաշրջանային կենտրոն» հասարակական միավորման նախագահ Խալիդ Կազիմով

Կան տեղեկություններ, որ նա ժամանակին Լաչինի միջանցքն արգելափակած ադրբեջանցիների շարքում է եղել:

■  «Հասարակության զարգացման կենտրոն» հասարակական միավորման  ղեկավար Ահմեդ Աբբասբեյլի

Նա  իր հասարակական գործունեության ընթացքում ակտիվորեն ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող ադրբեջանական քաղաքացիական հասարակության նախաձեռնություններում, առաջ է մղում ալիևյան թեզերը, և վերևում հիշատակվածն առաջին նամակը չէ  Ռուբեն Վարդանյանի և Հայաստանի դեմ, որի տակ ստորագրել է Աբբասբեյլին:

«Հանուն քաղաքացիների սոցիալական բարօրության» հասարակական միության նախագահ  Իրադա Ռզազադե

Նա ներկայանում է՝ որպես ծնունդով Երևանից, այսինքն, «արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամ է, ալիևյան պետական ծրագրի ջատագով է և ակտիվ մասնակցություն է ունենում դրա շրջանակում միջոցառումներին: Մի առիթով Baku.tv-ի համապատասխան նախագծի շրջանակում ասել է, որ «հայկական ազգայնամոլությունը ծաղկել է դեռ մինչև 1988 թվականը»:

Բաց նամակի տակ ստորագրածներն այսքանով չեն սահմանափակվում, այնտեղ կան նաև «հայկական հակահետևակային ականներ»-ի դեմ արշավ ծավալող հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նման արշավ ակտիվ ծավալում է նաև Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, այսինքն, նա Հայաստանի դեմ քարոզչական առիթ ստեղծող այս հարցը ևս  մշտապես պահում է օրակարգում:

Ինչպես վերևում նշեցինք, նամակի տակ ստորագրել են «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հարազատներ, և սրանում հայկական կողմին մեղադրող հասարակական գործիչներ:

Ինչ է սա նշանակում, այն, որ Ադրբեջանը չի պատրաստվում «Խոջալուի ցեղասպանության» միջազգային ճանաչման հարցը հանել իր քաղաքական օրակարգից, ինչը դա փորձում է անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության և արդեն մեր օրերում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների դեպքում:

Այսինքն, դարձյալ գործ ունենք ոչ հայելային իրավիճակի հետ, և Հայաստանի դեմ Ադրբեջանի քաղաքական, հասարակական պայքարը չի ավարտվել՝ լինի դա «Խոջալուի ցեղասպանություն», «Գյանջայի դեպքեր», թե «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձ, որովհետև, օրինակ, վերևում հիշատակված բաց նամակն իրականում Ռուբեն Վարդանյանի դեմ չէ, այլ Հայաստանի և նախկին նախագահների, Ռուբեն Վարդանյանն Առաջին պատերազմի ժամանակ որևէ դերակատարում չի ունեցել, չէ՞…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930