Բաժիններ՝

Երկու ամսից ավելի է անցել ու ոչ մի հարցի լուծում չի տրվել. «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրենը՝ կառավարությանը

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները, ովքեր վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն և մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը, դադարեցրել են բողոքի ակցիան: Մի քանի հոգի գնացել են հանդիպելու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին:

Գործարանի աշխատակիցները բողոքում էին, քանի որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից, ու, տնօրինության փոխանցմամբ, հնարավոր է՝ ևս այդքան մարդ կրկին կորցնի աշխատանքը:

«Աշխատավարձի 2/3-ը ստանում էինք ու որոշ չափով հոգում այդ հոգսը: Գոնե կառավարությունից գան՝ սառեցնեն այդ գումարները, մինչև աշխատատեղ բացվի: Լրիվ անորոշ վիճակ է»,- ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում հայտնեցին աշխատակիցները՝ անդրադառնալով վարկերի խնդրին:

Նրանց փոխանցմամբ՝ տնօրինությունն ու կառավարությունը մեկ հայտարարի չեն գալիս, արդյունքում՝ իրենք են տուժում:

«Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանի խոսքով՝ 6 ամիս աշխատավարձի 2/3-ն են վճարել՝ հույս ունենալով, որ դրական տեղաշարժ կլինի:

«Ապրիլի 20-ին դիմել էինք ՀՀ կառավարությանը՝ գրավոր նամակով, ներկայացրել ենք լուծումների հնարավոր երեք տարբերակները, որոնցից մեկն այս ցավալի փաստն էր՝ կրճատումները, երկրորդն այն էր, որ հնարավոր է՝ համեմատաբար փոքր թվաքանակով մարդիկ աշխատեն աղացագնդերում, և պատրաստ ենք համապատասխան ներդրում անել դրա համար, իսկ երրորդի մասով՝  խնդրել ենք խիստ ժամանակավոր թույլտվություն՝ արտանետումների մասով, առավելագույնը՝ 1.5-2 տարի ժամկետով,  և նշել ենք, որ դրա համար պատրաստ ենք 4-5 միլիոն դոլար ներդրում անել: Եվս մեկ խնդրանք ունեինք կատավարությունից, որպեսզի «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստանանք գրավոր  համաձայնություն՝ այն առումով, որ ոտնձգություն չի լինի «Էյ-Սի-Փի»-ի մասով, քանի որ մենք բանավոր տեղեկություն ունենք, որ գործարանն իրենց պետք չէ: Երկու ամսից ավելի է անցել, ու ոչ մի հարցի լուծում չի տրվել: Դե, մեր հնարավորություններն էլ են սահմանափակ»,- լրագրողներին ասաց «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրենը:

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից հետաքրքրվեցինք նաև, թե նրանցից քանի՞սն են աշխատանքի անցել Թեղուտում, քանի որ, դեռևս 2018թ. նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իրենց խոստացել են, որ, եթե հանկարծ պղնձաձուլարանի պատմությունը երկարի, աշխատողները վերցվեն Թեղուտում, ու ոչ մեկն աշխատանքից չզրկվի։

«Գործարանից եզակի մարդիկ են աշխատանքի անցել Թեղուտում՝ 2-3 հոգի, բայց կառավարությունից ասացին, թե Թեղուտում կտեղավորենք՝ կաշխատեն»,- նշեցին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները՝ հայտնելով, որ իրենցից մի քանիսը նույնիսկ մի քանի անգամ են ինքնակենսագրական ուղարկել, սակայն ապարդյուն:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման պահը հետաձգվել էր մինչև հունիսի 30-ը:

2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Հավելենք, որ  Թեղուտի հանքը շուտով պատրաստ կլինի վերագործարկման, այս մասին մայիսի 28-ին Ապարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Թեղուտը, ինչպես Հայաստանի մյուս  լեռնահանքային ձեռնարկությունները, ընդերքից պղնձի հանքաքար արդյունահանելով՝ արտադրում է խտանյութ, այն ունեցել է ժամանակավոր դադար, իսկ հիմա, տնօրինության հավաստիացմամբ՝ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Ինչ վերաբերում է Ալավերդու պղնձաձուլարանին՝ նախարարն ասել էր, որ այդտեղ ավելի բարդ է խնդիրը, որովհետև հին տեխնոլոգիայով մետալուրգիական արտադրություն է: «Այստեղ առանձնահատկությունն այն է, որ բնապահպանական առումով վնասակար գազերի արտանետումներն օդային ավազան միջազգային չափանիշերից էականորեն բարձր են: Հասարակության պահանջն է, որ, եթե ՀՀ-ում այդպիսի արտադրություն պետք է լինի, ապա միայն այն դեպքում, որ դրանք համապատասխան լինեն միջազգային նորմերին: Դա տեղի կունենա, եթե լինի խոշոր չափի ներդրումային ծրագիր՝ իմանալով, թե որտեղ պետք է օգտագործվեն արտադրությանը հարակից պրոդուկտները»,- նշել էր Տիգրան Խաչատրյանը:

Նա ընդգծել էր՝ հավանական է, որ կառավարությունը խորհուրդ կտա այդ նույն արտադրական տարածքներն օգտագործել այլ այնպիսի արտադրություններ կազմակերպելու համար, որոնք բնապահպանական տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում. «Իսկ իրենք այդպիսի մեկ նախաձեռնություն ունեն: Իրենք ասել են, որ այնտեղ հնարավոր է կազմակերպել սև մետալուրգիայից արտադրանք: Դա աղացագնդեր են, որոնք նույնպես օգտագործվում են լեռնահանքային ձեռնարկությունների համար: Դա հնարավորությունը է մինչև 300 աշխատատեղեր ունենալու»:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս