Բաժիններ՝

«Բիզնեսի կեսը ցույց տվեց, որ իրենք համարյա աղքատ են». Տնտեսագետ

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն ՀՀ ԱՎԿ-ի կողմից ներկայացված տվյալների՝ 2019թ. հունվար-մայիս ժամանակային միջակայքում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ՝

տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով

արդյունաբերությունն աճել է 10.2%-ով

շինարարությունն աճել է 2%-ով

ներքին առևտրի շրջանառությունն աճել է 4.9%-ով

ծառայությունների ծավալն աճել է 14.8%-ով

արտահանումն աճել է 11.7%-ով

ներմուծումը նվազել է 10.5%-ով

168.am-ը Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանից ճշտեց՝ արդյո՞ք այս թվերն իսկապես արտացոլում են ներկա տնտեսական իրավիճակը, և հասարակությունն իր վրա կարո՞ղ է զգալ այս աճը:

Տնտեսագետը նկատեց, որ հասարակությունը դեռ կարող է և չզգալ, որովհետև նախորդ ժամանակներում էլ եղել են աճեր, որոնք հասարակությունը չի զգացել:

«Իսկ ե՞րբ  կզգա» մեր հարցին ի պատասխան՝ նշեց.  «Հայաստանում էսպիսի մի հետաքրքիր իրավիճակ կա. մենք ունենք շատ աղքատ բիզնեսներ: Պատկերացրեք՝ մենք վերջերս 238 փոքր ու միջին ձեռնարկություններում հարցումներ ենք կատարել և մի շատ հետաքրքիր պատկեր ենք ստացել: Հարցերից մեկը հետևյալն էր՝ «Դուք կարողանո՞ւմ եք ամսական վաստակել այնքան գումար, որ գնեք միայն ուտելիք», «հագուստ և ուտելիք», երրորդ հարցը՝ «որոշակի թանկարժեք ապրանքներ՝ սառնարան, լվացքի մեքենա, ավտոմեքենա», չորրորդը՝ ավելի թանկ բաներ՝ «տուն» և այլն: 49 տոկոսը պատասխանել էր, որ իր վաստակած գումարը հերիքում է միայն «ուտելիքի և հագուստի համար», այսինքն՝ բիզնեսի կեսը ցույց տվեց, որ իրենք համարյա աղքատ են:

Բիզնես կատեգորիա ասելով՝ հասկանում ենք փող, եկամտաբերություն, բայց ինքն աղքատ բիզնեսի վիճակում է, իսկ դրանք շատ մեծ դերակատարություն ունեն տնտեսության զբաղվածության մեջ:

Երկրորդ խնդիրը. մենք ունենք բարձր աղքատություն, գործազրկություն, այսինքն՝ մեզ մոտ շատ դատարկված է մեր բյուջեն, մեր զամբյուղը, և այսպիսի աճերը՝ ընդամենը մի եռամսյակի, կիսամյակի, թեկուզ այդ ժամանակահատվածը համեմատած անցյալ տարված նույն ժամանակահատվածի հետ, էդ տոկոսները թվային առումով շատ փոքր են, և դրանք երբեք չեն կարող այս ամբողջ բացը լրացնել:

Պետք է շատ ինտենսիվ տնտեսական աճ գնա, ընդ որում՝ իրական աճը պետք է լինի 7-8 տոկոս շարունակաբար, ոչ թե մի ամիս կամ մի եռամսյակ, այլ առնվազն երկու-երեք տարի: Իսկ առհասարակ, աճի մասով ես ողջունում եմ, որովհետև մենք հիմա գալիս ենք արդեն հավասարակշռության վիճակի:

Անցյալ տարի թավշյա հեղափոխությունից հետո որոշակի պրոցեսներ եղան, որոնք կարող էին բիզնեսի տեմպերը դանդաղեցնել, մենք ունեցանք նաև Վերին Լարսի փակումներ այս տարի, իսկ հիմա, քանի որ եղանակները լավացել են, երկիրը եկել է ավելի հանդարտ, հավասարակշռված վիճակի՝ տրամադրությունների առումով, բիզնեսի առումով խոչընդոտներ չկան, հիմնականում հավասար վերաբերմունք կա, ռեֆորմներ թեկուզ քիչ են արվում, կամ չեն արվում, բայց բիզնեսն իներցիայով իր աշխատանքները կատարում է, դրա համար թվերը համարում եմ ճշմարտանման, բայց ժողովրդի տեսանկյունից՝ երկու-երեք տարի բարձր տեմպով պիտի գնանք, որ այդ տարբերությունը նկատենք»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս