ԱՄՆ-ում 19 միլիարդատերեր առաջարկել են հարստության հարկ սահմանել
ԱՄՆ-ի մի քանի միլիարդատերեր, որոնց թվում են ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ռեժիսոր Էբիգեյլ Դիսնեյը եւ Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզը, ստորագրել են նամակ, որով երկրի նախագահի բոլոր թեկնածուներին կոչ են արել սահմանել հարստության հարկ՝ անհավասարության դեմ պայքարելու եւ շրջակա միջավայրի պաշտպանության ու հանրային առողջության ֆինանսավորման համար: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
«Մենք նախագահի բոլոր թեկնածուներին, լինեն հանրապետականներ, թե դեմոկրատներ, կոչ ենք անում պաշտպանելու հարստության չափավոր հարկի սահմանումը»,- ասված է նամակում, որն ստորագրելէ 19 միլիարդատեր, որոնցից մեկը որոշել է չհայտնել իր անունը: Ուղերձում ասված է, որ լրացուցիչ հարկեր պետք է վճարեն «ֆինանսական առումով ամենահաջողակները, այլ ոչ թե միջին եւ ցածր եկամտով ամերիկացիները»:
Նամակն ստորագրած Լիզլ Փրիցքեր Սիմոնսը հույս է հայտնել, որ այս ուղերձը կարճաժամկետ հեռանկարում կառաջացնի հարկի կամ դրա այլընտրանքների նախագծի քննարկում 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրությոնների ընթացքում: Նամակում ասված է, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մի քանի թեկնածուներ արդեն պաշտպանել են հարստության հարկի սահմանման գաղափարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: