Տնտեսվարողները բողոքում են հարկային մարմինների հետ աշխատանքի դժվարությունից. նրանց զանգերին չեն պատասխանում
«Եթե մենք համահարթեցման հետ կիրառեինք չհարկվող շեմը և գույքահարկի նոր դրույքաչափերը, վստահ եմ, որ ընդունելի կլիներ հասարակության լայն շերտերի կողմից։ Ցավոք, իշխանությունը չանսաց մեր հորդորներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Գույքահարկի հետ կապված՝ օր առաջ պետք է փոփոխություն արվի և մինչև 100.000 դրամ աշխատավարձ ստացողների չհարկվող շեմ ունենալ մինչև 50.000 դրամը, որպեսզի սոցիալական հավասարության սկզբունք լինի։ Բայց եթե մենք համահարթեցումը շարունակում ենք երկար տարիներ, դա կվնասի մեր քաղաքացիների ավելի աղքատ շերտերին»,- հավելեց նա:
Սերգեյ Բագրատյանն ընդգծում է՝ այս փոփոխություններով տնտեսական թռիչք չի ապահովվելու:
«Այսինքն՝ այն, ինչ հանրության լայն շրջանակները սպասում էին, որ հարկային փոփոխության արդյունքում կարող են իսկապես շատ ավելի ազատ և մեծ թափով զբաղվել ձեռնարկատիրությամբ և կարողանալ արձանագրել տնտեսական աճի երկնիշ թվեր, կարծում եմ, որ այս փոփոխություններով դա չի արձանագրվելու»,- նշեց պատգամավորը։
Նրա փոխանցմամբ՝ տնտեսվարողները շատ են բողոքում վարչարարությունից:
«Բիզնեսի անհարկի միջամտությունից, հարկային մարմինների հետ աշխատանքի դժվարությունից՝ նշելով, որ տվյալ ոլորտի պատասխանատուների հետ չեն կարողանում կապ հաստատել։ «Հեռախոսներին չեն պատասխանում՝ ես ինքս ստուգել եմ այս ահազանգերը, նշեմ, որ իսկապես այդպես է: Պետական կառույցներում անհարկի ձգձգումները, հեռախոսներին չպատասխանելը, ինֆորմացիոն աղավաղումը տհաճություն է պատճառում թե՛ տնտեսվարողին, թե՛ քաղաքացիներին»,- ասաց նա և նշեց, որ պետական համակարգում մեծամասամբ անբարեխիղճ պատասխանատուներ ունենք, պարզ հարցերին չեն պատասխանում:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ հարաբերություններում հարկային փոփոխությունների ազդեցությանը, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ այս պահին շրջանառության աճը 19 տոկոս է, դա լավ արդյունք է, տնտեսվարողները կարողանում են ճիշտ օգտագործել այդ կառույցի հնարավորությունները:
Ռուս-վրացական լարված հարաբերությունների մասով էլ ասաց, որ պետք է ակտիվ լինենք, բանակցենք ռուսական ու վրացական կողմի հետ, որպեսզի Լարսում խնդիրներ չառաջանան:
Սերգեյ Բագրատյանը դրական գնահատեց այն, որ շահութահարկի շեմը 20-ից 18% է իջեցվում։
Անի Կարապետյան