Անհավասար հասարակությունը կրթության խոչընդոտ է
Տարածված տեսակետ կա, որ երկրի զարգացումը պետք է սկսել կրթությունից։ Այս մտածողության հիմքում այն թեզն է, որ, եթե կրթությունը զարգանա, ապա երկրի մարդկային կապիտալի որակը կբարելավվի, ինչի արդյունքում կզարգանան տնտեսությունը և մյուս ոլորտները։ Առաջնորդվելով այս տրամաբանությամբ, շատ կազմակերպություններ և անհատներ ներդրումներ են կատարում կրթության ոլորտում։ Իհարկե, այդ ներդրումները շատ կարևոր են, բայց դրանք բավարար չեն կրթության զարգացման համար։
Կրթությունն ինքն իրենով չի կարող զարգանալ։ Որպեսզի կրթությունը զարգանա, շատ կարևոր է զուգահեռաբար մտածել այլ գործոնների մասին։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կրթության ոլորտում ներդրումները ցանկալի արդյունք են տալիս, երբ երկրում առկա է տնտեսական զարգացում և անհավասարությունների ցածր մակարդակ։ Եթե երկրի տնտեսական վիճակը վատ է, ապա ուսուցիչների աշխատավարձը ցածր է լինում, ուսուցիչ դառնալու ցանկությունը նվազում է։
Տնտեսապես թույլ երկրներում նաև մեծ է ծնողների անտարբերությունը կրթության նկատմամբ։ Նման պայմաններում, եթե դուք դպրոցի շենք եք կառուցում կամ կրթական ծրագրեր եք իրականացնում, ապա չեք կարող հասնել բաղձալի նպատակին։ Մարդիկ մի քանի ամիս ոգևորվում են նորակառույց շենքով, մի քանի հոգի լրավճար է ստանում՝ կրթական ծրագրերի մասնակցելով։ Բայց համակարգը չի զարգանում, քանի որ ուսուցիչների սոցիալ-տնտեսական պայմանները վատն են, նույնը՝ ծնողների պարագայում։
Որպեսզի վերակառուցված դպրոցը, զարգացման ծրագրերն արդյունք տան, շատ կարևոր է, որ ուսուցիչների և աշակերտների ընտանիքների սոցիալական պայմանները լավանան։ Եթե մեր համայնքի դպրոցը վերանորոգվում է, բայց ուսուցիչը, աշակերտների ընտանիքների մեծ մասը շարունակում են ապրել վատ սոցիալ-տնտեսական պայմաններում, ապա այդ վերանորոգման ազդեցությունը կրթության որակի վրա շատ չնչին է լինում։
Կրթության ոլորտի զարգացման համար կարևոր նախապայման է նաև բոլոր տեսակի անհավասարությունների վերացումը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնցում անհավասարությունները մեծ են, կրթությունը չի զարգանում։ Այս առումով շատ հետաքրքիր է Կուբայի օրինակը։ Կուբան տնտեսապես զարգացած չէ։ Բայց այս երկրներում անհավասարությունները մեծ չեն։ Կուբան իր բյուջեի շատ մեծ մասը հատկացնում է կրթությանը և առողջապահությանը։
Նույնը վերաբերում է զարգացած երկրներին։ Ֆինլանդիան, Հոլանդիան, Էստոնիան, Սինգապուրը կրթության ոլորտում հաջողությունների են հասել անհավասարությունները վերացնելու ճանապարհով։ Հետաքրքիր է Սինգապուրի անցած ճանապարհը։ Սկզբնական շրջանում այս երկրում հպարտանում էին գերազանցիկներով։ Հետո հասկացան, որ, եթե չօգնեն հետ մնացողներին, ապա չեն կարող ունենալ որակյալ կրթություն։ Արդյունքում՝ որոշվեց լրացուցիչ աջակցություն ցուցաբերել հետ մնացող երեխաներին, նրանց ընտանիքներին, որպեսզի անհավասարությունները հաղթահարվեն։
Հայաստանը հայտնի է՝ որպես անհամաչափ զարգացող և տնտեսապես թույլ երկիր։ Նման պայմաններում շատ դժվար է կրթության ոլորտում շոշափելի հաջողությունների հասնել։ Լավագույն դեպքում առանձին երեխաներ կարող են միջազգային օլիմպիադաներում մեդալներ նվաճել։ Լավագույն դեպքում շրջանավարտների մի փոքր մասը կարող են ընդունվել աշխարհի հայտնի համալսարաններ։
Բայց անհատների կամ փոքր խմբերի փայլուն արդյունքներն ամենևին չեն նշանակում կրթական լավ համակարգ ունենալ։ Որքան էլ գեղեցիկ լինեն մեր դպրոցական շենքերը, որքան էլ լավը լինեն մեր ծրագրերն ու դասագրքերը, եթե ընտանիքների զգալի մասը գոյատևման խնդիր է լուծում, մենք չենք կարող առաջընթաց ունենալ։
Այս առումով մտահոգության տեղիք է տալիս անցումը համահարթ հարկման համակարգի։ Ինքս տնտեսագետ չեմ և չեմ կարող մասնագիտական գնահատական տալ հարկային բարեփոխումներին։ Բայց մի բան ակնհայտ է, որ այս փոփոխությունը մեծացնում է շատ վաստակողների և քիչ վաստակողների տարբերությունը։ Ու սրանից հատկապես տուժում է կրթության համակարգը։ Քիչ եկամուտներ ունեցող ընտանիքները հազիվ կարողանում են լուծել սննդի, կացության ծախսերը։
Նրանց գումար չի մնում կրթական ծախսերի համար։ Բարձր եկամուտներ ստացողներն այս փոփոխության արդյունքում կարող են ունենալ մի քանի տասնյակ հազար դրամ լրացուցիչ եկամուտ, ինչը բավարար կլինի, որպեսզի իրենց երեխային ուղարկեն թանկարժեք դպրոց՝ էլ ավելի մեծացնելով հասարակությունում առկա բևեռացումը։ Փորձը ցույց է տալիս, որ տնտեսական բևեռացումը բերում է կրթական բևեռացման։
Իսկ եթե անհավասարությունն ու բևեռացումն ամրապնդվում են նաև կրթական համակարգում, ապա երկիրը զրկվում է համաչափ ու ներառական զարգացման հնարավորությունից։ Չենք կարող ունենալ ներառական զարգացում, եթե հասարակության զգալի մասը հոգում է իր գոյության խնդիրները։ Հարկային այս քաղաքականությունը ոչինչ չի փոխում՝ հատկապես մանկավարժների կյանքում, որոնց աշխատավարձը 150 հազարից ցածր է։
Խոսվում է այն մասին, որ շատ վաստակող մարդիկ լավ մասնագետներ են, բարիք են ստեղծում, և նրանց պետք է խրախուսենք։ Միշտ չէ, որ այդպես է։ Բազմաթիվ լավ մասնագետներ քիչ են վաստակում, շատ միջակ մասնագետներ բարձր են վաստակում։ Եկեք պատկերացնենք Գյումրիում ապրող ուսուցիչների մի ընտանիք։ Պետությունը միջինում ուսուցչին վճարում է 60-70 հազար աշխատավարձ։ Ընտանիքում երկու ուսուցչի առկայության պարագայում ամսական եկամուտը կկազմի շուրջ 140 հազար դրամ։ Եկեք պատկերացնենք, որ այս մարդիկ դասավանդում են Հասարակագիտություն և Ֆիզկուլտուրա առարկաները։ Այսինքն՝ նրանք կրկնուսույց էլ չեն կարող աշխատել։ Երկուսն էլ լավ ուսուցիչներ են, անում են առավելագույնը, բայց պետությունը քիչ է վճարում ուսուցիչներին։