
Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարին

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հունիսի 25-ին հանդիպել է Բելառուսի կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Լեոնիդ Գուլյակոյի (Леонид Гуляко) հետ։
Ինչպես տեղեկանում ենք Բելառուսում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից, հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են միջազգային և միջկրոնական հարաբերությունների, ինչպես նաև արտերկրում բնակվող հայրենակիցների հետ փոխգործակցության ոլորտում ունեցած փորձին առնչվող տեղեկատվությամբ։
Շոշափվել են ազգային համերաշխության հետագա զարգացման, Բելառուսի ազգային համայնքների պատմությանը, մշակույթին և լեզվին վերաբերվող հարցերը, անդրադարձ է կատարվել ներդաշնակության ներքո ապրելու բազմադարյա ավանդույթներին։
Կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել Բելառուսի գործող օրենսդրության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում աջակցել Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքների կայացման և հետագա զարգացման գործում։