Հայաստանը՝ տարածաշրջանային սրացումների կենտրոնում

Ռուս-վրացական հարաբերությունների նոր անսպասելի լարումն անհանգստություն է առաջացրել նաև Հայաստանում: 5 օր առաջ Թբիլիսիում սկսված բողոքի ակցիաներին Ռուսաստանը պատասխանել է՝ դադարեցնելով ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ, իսկ Կենտրոնական զինվորական օկրուգում մարտունակության հանկարծակի ստուգում է սկսել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ զորքերը բերվել են մարտական բարձրագույն պատրաստության:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց՝ քննարկելու իրավիճակը Հայաստանի շուրջ: Իրադրությունը թեժ է ոչ միայն Վրաստանում, այլև հարևան Իրանում, և հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կլինեն ԱՄՆ-Իրան հակամարտությունում: Ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ պարպելու տարածաշրջանում ահագնացող լարվածությունը:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հույս ունի, որ բոլոր խնդիրները կհարթվեն բանակցությունների միջոցով:

«168 Ժամի» հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանն իր համեստ հնարավորությունների շրջանակներում, իհարկե, կփորձի նպաստել խաղաղությանը մեր տարածաշրջանում: Թե ԱՄՆ-Իրան լարվածության խորացումն ինչպե՞ս կազդի Ղարաբաղյան հակամարտության վրա, հնարավո՞ր է՝ Ադրբեջանը փորձի օգտվել դրանից՝ հարցին, Հ.Իգիթյանը պատասխանեց.

«Ընդհանրապես եկեք նախապես չխոսենք, որովհետև ցանկացած լարվածություն ազդում է ամբողջ տարածաշրջանի, էլ չասած՝ որոշ դեպքերում՝ աշխարհում իրադարձությունների վրա: Իսկ ԼՂ հարցն այսօր գտնվում է ՄԽ շրջանակներում, այդտեղ ավելի կարևոր է, թե կողմերն ինչպես կկարողանան այն սպասվող մթնոլորտը ստեղծել, որ, ի վերջո, ընդհատված բանակցությունները մի օր շարունակվեն»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Վրաստանում ծավալվող իրադարձությունների հարցում Հայաստանի դերակատարում չի պատկերացնում: «Իհարկե, այն լարվածությունը, որն այսօր առկա է Վրաստանի Հանրապետությունում, անհանգստացնող և մտահոգող է մեզ համար՝ որպես հարևան և դաշնակից պետություն: Միայն կարող եմ հույս հայտնել այս պահին, որ հնարավոր կլինի գալ որևէ եզրահանգման և լարվածության թուլացման ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկել: Հայաստանի դերակատարումն այս պարագայում ես անձամբ չեմ պատկերացնում, թե ինչը կարող է լինել»,- հայտարարեց Մակունցը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում որևէ պետությունում տեղի ունեցողն անմիջականորեն ազդում է հարևան պետության վրա, սակայն Վրաստանում տեղի ունեցողը ներքաղաքական պրոցեսներ են, և ՀՀ-ն իրավունք չունի միջամտել դրանց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մեզ հետ զրույցում հակառակ տեսակետը հայտնեց:

«Հայաստանը կարող է կրել հաշտարարի կամ միջնորդի դեր, որովհետև Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտության ցանկացած խորացում, ցանկացած խնդիր մեզ համար ևս խնդիրներ է ստեղծում, որովհետև մենք ունենք ճանապարհ, մենք ունենք պատուհան Վրաստանով դեպի Ռուսաստան, և այդ ճանապարհը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի մեր տնտեսության համար»,- ասաց Ա.Սամսոնյանը:

Ըստ նրա՝ այս առումով հայ խորհրդարանականները պետք է գործեին հենց տեղում, երբ Վրաստանում էին. «Այն ժամանակ, երբ Վրաստանի խորհրդարանում իրադարձությունները ծավալվեցին, իմ խորին համոզմամբ, հայերը պետք է միջամտեին, փորձեին մեղմել այդ վեճը: Բայց քանի որ դա չի եղել, գոնե հիմա փորձեն դիվանագիտական խողովակներով ինչ-որ կերպ կատարել հաշտարարի դեր: Մենք միշտ խոսել ենք, որ այդ հակամարտությունն այնքան խորն է, որ հայերն այդտեղ անելու որևէ բան չունեն, բայց ես կարծում եմ, որ մենք գոնե պետք է փորձենք, որովհետև Հայաստանը ևս չի շահելու այդ հակամարտությունից»:

Անդրադառնալով ռուս-վրացական սահմանին հայ ուղևորներով ավտոբուսի մուտքը խոչընդոտելու հանգամանքին՝ Ա.Սամսոնյանը նշեց, որ դա այդքան էլ կապված չէ Թբիլիսիում կատարվողի հետ, այլ կապված է վարորդի հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հայ-վրացական բարեկամական խմբի անդամ Հայկ Գևորգյանը հուսով է, որ տվյալ դեպքում այս սրացումը երկար չի տևի. «Չեմ կարծում, որ նոր ինչ-որ անհայտ խնդիր է ծագել, որ մինչև հիմա չկար: Բոլորս էլ գիտենք՝ ինչ հարաբերություններ են Վրաստանի և Ռուսաստանի միջև: Կարծում եմ՝ որոշակի առանձին դեպքեր կլինեն, բայց ընդհանուր առմամբ չեմ կարծում, որ սա շատ կխորանա»:

Ըստ նրա՝ տնտեսական առումով Հայաստանն այս ամենի ազդեցությունը չի զգա. «Կարծես թե Վրաստանում իրավիճակը մի քիչ հանդարտվում է, այդ պրոցեսների զարգացման դինամիկա չկա: Չեմ կարծում, որ շատ լուրջ հետևանքներ կլինեն: Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք այլընտրանքային ուղիների: Բայց ճիշտն ասած, մեր այընտրանքները սահմանափակ են օբյեկտիվ պատճառներով»:

Հ.Գևորգյանը տեղեկացրեց, որ մի քանի օրից նախատեսվում է հայ-վրացական խորհրդարանական բարեկամական խմբի ճանաչողական այցը Վրաստան, և այդ հարցերն անպայման կքննարկվեն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր դեպքում վրացական ուղղությամբ սրացումը և ներվրացական իրադարձությունները մտահոգիչ են տարածաշրջանային առումով.

«Համոզված եմ, որ վրացիներն իրենց հարցերը կլուծեն: Կարևոր է, որ մենք ունենանք տարբեր տիպի ճգնաժամային գործողությունների պլաններ, թե մենք ինչ ենք անում որոշակի իրավիճակների դեպքում: Ուշի ուշով հետևում ենք դեպքերին: Իհարկե, որևէ ոչ ստանդարտ իրավիճակ Վրաստանում չի կարող չմտահոգել մեզ: Մտահոգությունն այն է, թե որքանով իրենց ներքին խմորումները կարտահայտվեն Հայաստանի վրա, որովհետև գիտենք՝ յուրաքանչյուր սրացում ազդելու է նաև մեզ վրա»:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ արտաքին քաղաքական համատեքստ ունեցող վրացական ներքաղաքական ճգնաժամը դառնալու է Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի կարևոր թեմաներից մեկը, և ՀՀ պատվիրակությունը պետք է ամեն ինչ անի արժանի բարձրության վրա մնալու համար.

«Վրաստանը մեզ համար չափազանց կարևոր հարևան է։ Վրաստանը մեր միակ հնարավորությունն ու ցամաքային ճանապարհն ու դուռն է դեպի Ռուսաստան և դեպի Արևմուտք։ Վրաստանի այդ բաց դուռը Հայաստանի և Արցախի անվտանգության համար կենսական արժեք ունի։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը Հայաստանի համար չափազանց էական դաշնակից է, որի հետ մեր երկրի ինքնիշխանության վրա խարսխված հարաբերությունների պահպանումն ու խորացումը Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության առաջնահերթություններից է։ Ուզում եմ հավատալ, որ ԵԽԽՎ-ում իմ խորհրդարանական գործընկերներն արժանապատվորեն կկատարեն իրենց առաքելությունը՝ Հայաստանի կարևորությունը հավասարապես կզգան ու կգնահատեն և՛ եղբայր վրացիները, և՛ բարեկամ ռուսները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930