«Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ լավ ազդակի մեջ, ներդրումներ կատարվում են». Նիկոլ Փաշինյան
«Մեր ամենամեծ մարտահրավերը պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումն է։ Սա ունի իր բացատրությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի այս մթնոլորտը շատ նախագծեր դրել է կասկածի տակ, որովհետև շատերի դեպքում քրեական գործեր են հարուցվել, բացահայտումներ են արվել, և այլն։ Բայց այս տարի էլ ծախսային մասը կատարելու հետ պրոբլեմ ունենք»,- այսօր խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի կառավարությունը չունի գումարի խնդիր, այլ ունի այդ գումարն արդյունավետ ծախսելու խնդիր։ Եղել են տարբեր շինարարական ընկերություններ, որոնք աշխատել են այլ մեխանիզմներով, ուստի Կառավարությունը հայտարարում է, որ սկսվում է նման ընկերությունների դեմ պայքարի փուլը։
«Կա այսպիսի մեխանիզմ, երբ ընկերություններին դնում են «սև ցուցակի» մեջ՝ աշխատանքը լավ չկատարելու համար։ Հիմա էլ այլ մեխանիզմ կա՝ նշված ընկերությունները դիմում են դատարան և դատարանի միջոցով նորից հայտնվում են սպիտակ ցուցակներում։ Ցավոք, այսօր բազմաթիվ հանգամանքների բերումով Հայաստանում չկան այնպիսի հզոր ընկերություններ, որոնք կկարողանան ընդունել իրոք մասշտաբային կապիտալի ծախսեր։ Հուսանք, նման ընկերություններ կհայտնվեն, եթե չհայտնվեն, Կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդելով պետք է իրականացվեն կապիտալ ծախսերը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով սոցիալական հարցերին, վարչապետը տեղեկացրեց, որ այդ հարցերը հերթով լուծում են։ Բացի զիծառայողների աշխատավարձը բարձրացնելուց, բյուջեի հավելյալ ծախսով առաջիկայում կիրականացնեն նաև այլ սոցիալական ու կապիտալ ներդրումների ծրագրեր։
«Օրինակ՝ խոսվում է արտահանման ծավալների անկման մասին։ Նախ՝ գիտենք, որ նախորդ տարի արտահանման կարևոր տողերից մեկը եղել է Թեղուտի հանքավայրը, որը փետրվարին փակվել է։ Ուրախ եմ ասելու, որ այժմ Թեղուտում աշխատանքները սկսել են, այնտեղ մի քանի հարյուր մարդ կրկին ընդունվել է աշխատանքի, հուսով եմ, որ այնտեղ ամեն ինչ նորմալ կլինի։ Մեր արտահանման մի մասը պատշաճ ձևով չի ձևակերպվում և արտահայտվում մեր վիճակագրության մեջ»,- շեշտեց վարչապետը։
Ըստ նրա, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, ավտոմեքենաների ներմուծումն աճել է 24 տոկոսով կամ 255 մլն դոլարով, իսկ արտահանումը, ըստ պաշտոնական վիճակագրության՝ չի աճել։
Վարչապետի խոսքով՝ մինչդեռ հայտնի է, որ ներմուծվող մեքենաների զգալի մասընարտահանվում է մարդկանց ամենահարմար սխեմայով՝ մարդիկ ուղղակի վերցնում ու գնում են, ինչն արտահանման կոնկրետ տող է, որը չի արտահայտվում։
«Բոլոր ազդակները կան՝ ասելու, որ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ լավ ազդակի մեջ, ներդրումներ կատարվում է, և դրանք երևում են պաշտոնական ցուցանիշներից։ Կարծում եմ՝ բոլորի տրամադրությունը պետք է բարձր լինի, քանի որ Հայաստանում հարցերը լուծվում են, իսկ այն մարդիկ որոնք հարցնելու են, թե այդ ի՞նչ հարցեր է լուծվում, խորհուրդ կտամ ծանոթանալու «100 փաստ Նոր Հայաստանի մասին» գրքույկի բովանդակությանը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Զվարթ Խաչատրյան