«Որոշ դրվագներում լկտիությունն անգամ չափ ու սահման չի ճանաչում». Միհրան Հակոբյան

«Ադեկվադ» հ/կ-ի նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ, ի թիվս քաղաքական բազմաթիվ իրողությունների՝ անդրադարձ կատարվեց նաև հասարակության մեջ տարվող բաժանարար գծերին, ինչը, ըստ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի՝ փորձանքի է վերածվել։ Նա ի հակադրություն՝ ներկայացրեց նաև  համաշխարհային փորձը՝ փաստելով, որ այն հասարակություններն են կարողանում հաջողել, որոնք միասնություն են ապահովում։

«Ամենամեծ պրոբլեմը, որ, իրոք, փորձանքի է վերածվել, այն է, որ իշխանությունն ամենաբարձր մակարդակով մարդկանց բաժանում է «սևերի ու սպիտակների», «լավի ու վատի»։ Եթե դու «հպարտ» քաղաքացի ես, ունես իրավունքներ, եթե «հպարտ» քաղաքացի չես՝ դու չունես իրավունքներ, դատապարտված ես զտման, մեկուսացման և որևիցե տեսակի կարծիք արտահայտելու և գործընթացների մասնակցելու իրավունք չունես… Այդտեղ արդեն տարատեսակ կլեյմոներ են հորինվում՝ է՛լ «թալանչի», է՛լ «գող-ավազակ», «սրա համախոհ», «նրա համախոհ», բայց իրականում դրա տակ ոչինչ չկա։

Մենք ունենք խոպան, հերկած քաղաքական դաշտ, որտեղ չկա քաղաքական խոսք, քաղաքական միտք, չկա քաղաքական ծրագիր։

Այսօր խոսվում է Հայաստանում քաղաքական ընդդիմության մասին. նույն պառլամենտում, օրինակ, ես տեսնում եմ ոչ իշխանական կուսակցություններ՝ ընդդիմադիր ֆրակցիաներ, բայց այդ մարդիկ ինչի՞ն են ընդդիմադիր, եթե մեծամասնությունը չունի գաղափարախոսություն, որը չի թաքցնում (իզմերի բացակայության մասին), չունի ծրագիր. էդ մարդիկ ինչի՞ն ընդդիմանան։  Ընդդիմությունը մեր հասարակության ներսում պետք է ծնվի»,- ասաց Մ. Հակոբյանը։

Նա անիմաստ համարեց քննարկումներն ու պոլեմիկաները ներկա իշխանությունների հետ.

«Ինչի՞ մասին խոսես. անցյալի իրադարձությունների գնահատականների՞։ Դա ուղղակի ծիծաղելի է դառնում՝ հատկապես, որ որոշ դրվագներում լկտիությունն անգամ չափ ու սահման չի ճանաչում: Օրինակ՝ կարելի է քննադատել ըստ նախասիրությունների՝ վերջին տասը տարին, վերջին քսան, մարդիկ կան, ավելի հետ էլ  են գնում՝ երեսուն տարին…

Ասում են՝ երեսուն տարի երկիրը քանդել են. բա դրանից առաջ լավ է՞ր. բա եթե լավ էր, էդ պետությունն ինչո՞ւ քանդեցիք, կամ՝ ասում են՝ վերջին 20 տարին՝ նկատի ունենալով 98 թվականից հետո, ինչու  մինչ 98-ը Հայաստանը դեմոկրատիայի կղզյա՞կ էր, տնտեսական զարգացման… Հորինված կլեյմոներով փորձում են  խեղաթյուրել պատմական փաստերը»։

Որպես այլընտրանք՝ ԱԺ նախկին պատգամավորը տեսնում է հասարակությանը խնդիրները պարզ ու բաց ներկայացնելը. «Եթե մենք չենք կարողանալու Հայաստանը դարձնել Շվեյցարիա, եկեք պարզ ասենք, ու այնպես էլ ճիշտ չի, որ ամեն մի նոր վարչապետ գա ու… Սինգապուրից սկսենք՝ հասնենք մինչև Արգենտինա: Մենք մեր մոդելը պետք է գտնենք՝ մեր իրողություններին, ռեսուրսներին համահունչ, ու դա պետք է լինի փաստարկված՝ առանց բաժակաճառերի, թվային տվյալներով»։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս