Ինչի՞ մասին է վկայում իշխանության սուր արձագանքը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բավականին աղմուկ բարձրացրեց: ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում ասվում էր, թե այն կայացել է «հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում»: Այդ հանդիպումն առավել կարևորվեց իշխանությունների արձագանքի լույսի ներքո:

ՀՀ արտաքին հարաբերությունների խորհրդարանական պատասխանատուներն այն «տարակուսելի» և «ոչ ողջունելի» անվանեցին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց աշխարհի բոլոր երկրների կողմից ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորության հանդեպ ՀՀ-ի կոշտ դիրքորոշման մասին: «Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ՀՀ քաղաքական ներկապնակի որևէ առանձին ներկայացուցչի հետ, ո՛չ, քավ լիցի, ամենևին, բոլորը բոլորին կարող են հանդիպել, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու, որին շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այսպիսի հանդիպում, ակնարկ կարող է դիտվել՝ որպես միջամտություն»,- ասաց ԱԺ նախագահը:

ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը և փորձագիտական հանրությունը հայտարարեց, որ դիվանագիտական տեսանկյունից դեսպանը որևէ սխալ բան չի արել, իսկ «Դիվանագիտան հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դիվանագետն իրավունք ունի բոլոր օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադարձությունները և դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը: Այնուամենայնիվ, դեսպանը հրավիրվեց ԱԳՆ՝ պարզաբանումներ տալու:

Ինչի՞ մասին է վկայում այդ հարցի շուրջ իշխանության սուր արձագանքը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ, եթե այս աղմուկի պատճառն այն է, որ իշխանությունները Քոչարյանին դիտում են հիմնական ընդդիմադիր բևեռ, ապա մենք շատ խեղճ վիճակում ենք գտնվում. «Ուրեմն՝ ես խղճում եմ այդ ձևի իշխանությանը, որովհետև եթե իրենց հիմնական ընդդիմախոսը կամ ընդդիմադիր բևեռը թոշակառուն է, ի՞նչ ասեմ, թող թոշակառուի հետ կռիվ տան»:

Ըստ նրա՝ Քոչարյանի հետ կապված ցանկացած հարց հանրային մեծ ուշադրության է արժանանում, և դա արվում է այսօրվա գործող մեդիա դաշտում. «Իրականում այդ հարցերն այդքան ուշադրության արժանի չեն, երկրում այլ կարևոր հարցեր կան, բայց դրանք դառնում են թիվ մեկ թեմաներ: Դրանում շահագրգիռ է իշխանությունը, շահագրգիռ է Քոչարյանը, որ այդ հարցը շատ լուսաբանվի, և շատ է լուսաբանվում»:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ, որ իշխանությունն է նպաստում հարցի առավել կարևորմանը. «Ես այդպես չեմ կարծում: Եթե ԱԳՆ-ն ունեցել է տարակուսանք՝ այդ հանդիպման հետ կապված, ապա ես գտնում եմ, որ բնական է, որ դրա հետ կապված պետք է պարզաբանումներ լինեին, և կարծում եմ, որ իրենք պարզաբանումներ ստացել են այդ առնչությամբ»:

Դիտարկմանը, որ փորձագետների հավաստմամբ՝ դեսպանը որևէ օրենք կամ կարգ չի խախտել, և իր գործառույթների մեջ է մտում տեղեկանալ երկրում կատարվողին, Լ.Մակունցը պատասխանեց, որ խոսքը որևէ կարգ խախտելու մեջ չէ. «Խոսքը վերաբերում է բացառապես նրան, որ ՀՀ ներքին քաղաքական որոշակի հարցերի հետ կապված հարցեր են ունեցել ԱԳՆ-ում: Եվ միայն ու բացառապես այդ կոնտեքստում է խնդիրը»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ դեսպանը պետք է ԱԳՆ-ի միջոցով կազմակերպեր այդ հանդիպումը:

«Ես դա աղմուկ չէի համարի: Այդ հանդիպումն անհեթեթ է, որովհետև այն չէր տեղավորվում դեսպանի ասած՝ քաղաքական և գործարար շրջանակների հետ հանդիպումների շարքում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ո՛չ գործարար է Հայաստանում, ո՛չ քաղաքական դաշտի ներկայացուցիչ:

Առավել ևս՝ մեղադրանքը քաղաքական չէ, առավել ևս՝ Ռուսաստանն այն երկիրը չէ, որ դեսպանը երբևէ հանդիպի մի մարդու՝ ստուգելու՝ քաղաքական հայացքների համա՞ր է, թե՞ մարդու իրավունքների: ՌԴ դեսպանը շատ փորձառու դիվանագետ է, և երևի թե ինքը պետք է հասկանար, որ այդ հանդիպումը կմեկնաբանվի տարբեր շրջանակներում այլ ձևով՝ հաշվի առնելով այն լուրջ մեղադրանքը, որ առաջադրված է Ռ. Քոչարյանին Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված, հաշվի առնելով, որ տարբեր շրջանակներ անընդհատ պնդում են, որ Ռ. Քոչարյանը գտնվում է ՌԴ ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների պաշտպանության տակ, և հաշվի առնելով այն դատական պրոցեսը, որ պետք է բնականոն ձևով գնար, բայց մի քիչ տարօրինակ ձևով գնաց, և այս իրավիճակում դեսպանի հանդիպումը կարող էր մեկնաբանվել ոչ բարենպաստ՝ այդ պրոցեսի համատեքստում:

Դա աղմուկ չի, դա նորմալ է, և Հայաստանը սկսում է օգտագործել այն պրոցեդուրան, որը պետք է օգտագործի այսպիսի դեպքերի համար»,- ասաց Հ.Իգիթյանը:

Ըստ նրա՝ դեսպանի քայլը պետք է դիտարկել դիվանագիտական էթիկայի ու աշխարհում ընդունված նորմերի շրջանակներում:

Հ.Իգիթյանի խոսքով՝ ընդունված է, որ դեսպանը բոլոր իր հանդիպումները տեղակայման երկրում կատարի տվյալ պետության ԱԳՆ-ի միջոցով:

Սակայն, ինչպես նշեց պատգամավորը, բարեկամ երկրներն ունեն նաև այլ պրակտիկա, երբ դեսպանը ոչ պաշտոնական, բարեկամական, ճանաչողական հանդիպումներ է ունենում՝ առանց դիմելու ԱԳՆ-ին.

«Այս դեպքն այն դեպքն է, իմ կարծիքով, երբ դիվանագետը պետք է առնվազն տեղյակ պահեր, էլ չեմ ասում՝ խնդրեր ԱԳՆ-ին նման հանդիպում կազմակերպելու համար: Այդպես են աշխատում քաղաքակիրթ երկրներում: Նույնիսկ այն ժամանակ, երբ Մարտի 1-ի շրջանակներում դեսպանները հանդիպում էին քաղբանտարկյալների հետ, իրենք տեղյակ էին պահում, եթե, իհարկե, այդ անձն ընդհատակում չէր գտնվում»:

«Դեսպանի պարտավորությունների մեջ մտնում է մեր հասարակությունների, մեր ժողովուրդների բարեկամությունը, կապերը և մթնոլորտը զարգացնելը: Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ՀՀ-ում առկա՝ հասարակության կողմից բացասական վերաբերմունքը՝ այստեղ մտավախություն կա, որ այդ բացասական վերաբերմունքը կարող է անուղղակի ձևով ազդել մեր պետությունների մթնոլորտի վրա: Եվ փորձառու դիվանագետը նման հարցերը պետք է հաշվի առնի»,- հավելեց Հ.Իգիթյանը:

Տեսանյութեր

Լրահոս