«Այդպես տնտեսություն չենք զարգացնի». տնտեսագետը՝ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների մասին
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը շարունակելու է պնդել՝ Հայաստանում անպայման նվազագույն աշխատավարձ կամ չհարկվող շեմ պետք է նշվի համախառն եկամուտների համար:
«Հարկային օրենգրքի բարեփոխման համար բավական գործ է արվել: Բայց, այնուամենայնիվ, կան բազմաթիվ մտահոգություններ: Առաջինն այն է, որ հարկման բազան զարգացման տեղ ունի: Մենք, չգիտես ինչու՝ վերցնում ենք միայն եղածն ու ասում ենք՝ եղած արդյունքն ինչպե՞ս կարելի է հարկել: Մեր մտահոգությունը կարծես խթանելը չէ՝ տնտեսության զարգացումը, նոր արժեքի ստեղծումը, եկամուտների ավելացումը, որից արդեն հարկվող գումարները կգնա պետական բյուջե: Հարկերը և հարկային համակարգը հին դարերից սկսած ուղղված է եղել մեկ նպատակի. վերաբաշխելու հասարակությունում ստեղծված ամբողջ համախառն եկամուտը:
Հիմնականում՝ վերաբաշխելով հարուստներից դեպի աղքատները: Այսինքն, այստեղ սոցիալական գործառույթ կա: Ես մինչև վերջ պնդելու եմ, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձ կամ չհարկվող շեմ նշվի համախառն եկամուտների համար: Դա միայն նվազագույն աշխատավարձը չլինի, որովհետև մարդը կարող է նաև 2-3 աշխատանք ունենա, և համախառն եկամուտն ի վերջո հարկման ենթակա լինի, բայց իմ հիմնական մտահոգությունն այն է՝ մարդիկ, որոնց միակ աղբյուրը գումարն է, որը չի բավարարում կենսապահովման նվազագույն միջոցներ ձեռք բերելու, գոյատևելու համար, դա չհարկվի: Օրինակ՝ մանկավարժների դեպքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետն ընդգծեց՝ ցանկացած պարագայում, երբ փորձում ենք տնտեսությունը տանել դեպի զարգացում, հարկային համակարգը հարմարեցնել դրան, որպես կանոն, դրանից ավելի շատ շահում են հարուստները, որովհետև նրանք կարողանում են կուտակել ոչ միայն գումար, այլև կապիտալ, ձեռք են բերում նոր շինություններ, արտադրության միջոցներ: Ամբողջ աշխարհում է այդպես:
«Բարձր եկամուտ ունեցող մի քանի 100 մարդու զլանում են համարժեք հարկել: Միլիոններով չեն այդ մարդիկ: Առաջին հերթին կողմ եմ, որ նվազագույն շեմը բարձրանա, մարդիկ եկամուտներ ունենան: Այս տարիների ընթացքում կոռուպցիան աճել է, աշխատավարձերի բարձրացումը կապ չունի: Մենք միակողմանի անընդհատ գնում ենք դեպի հարկման մեխանիզմները՝ 23 լինի՞, թե՞ 20: Այդպես տնտեսություն չենք զարգացնի, դա միայն հարկային մարմինների, ՊԵԿ-ի խնդիրը կլուծենք»,- նշեց տնտեսագետը:
Նշենք, որ այժմ գործում է եկամտահարկի 3 տարբերակ՝ 23, 28 և 36 տոկոս, համապատասխանաբար՝ մինչև 150 հազար դրամ, 150 հազարից մինչև 2 միլիոն և 2 միլիոն դրամից բարձր վաստակողների համար։ Կառավարությունն առաջարկում է բոլորին հարկել հավասար՝ 23 տոկոս, իսկ 2020 թվականից արդեն՝ 20 տոկոս։
Հավելենք, որ հունիսի 19-ին ԱԺ նիստում քվեարկության դրվեց և երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ գրեթե միաձայն ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունը՝ 114 կողմ և 1 ձեռնպահ ձայներով:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ