«Առավոտյան վաղ արթնացեք, 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմեք…». Նյարդավիրաբույժ
Ուղեղը տառապում է, երբ դուք չեք հասցնում նախաճաշել, երբ դուք մեքենա եք վարում ու միաժամանակ խոսում հեռախոսով, երբ ծխում եք, խմում ու անընդհատ գտնվում սթրեսային իրավիճակներում։
«Մենք շարունակ այն լարում ենք, բայց փոխարենը՝ նրան ոչինչ չենք տալիս»,- գրում է Bucataria Noastra-ն։
«Ձեր ուղեղին պետք է մաքուր, առողջ, ոչ ճարպոտ սնունդ։ Բայց մի հրաժարվեք քաղցրից. Ձեզ գոնե մեղր թույլ տվեք օգտագործել։ Ուղեղին դուր է գալիս շոկոլադը, նրան ջուր է պետք, բայց ամենաշատը նա ժպիտ է սիրում»,- ասում է Վլադ Սիուրեան, ով 50 տարի աշխատում է որպես նյարդավիրաբույժ։
Նա բոլորից լավ գիտի, որ ուղեղը հիվանդանում է հենց մեր պատճառով։ Եվ քչերը գիտեն, թե ինչպես այն պաշտպանել ու ուժեղացնել։
«Եթե դուք ժամեր շարունակ հեռախոսի կամ պլանշետի մեջ եք, և այդպես՝ ամեն օր, մի սպասեք, որ ուղեղը ձեզ շնորհակալ կլինի։ Այժմ մարդիկ շփվում են միայն Ֆեյսբուքով և այլ սոցցանցերի միջոցով։ Մենք ստեղծված ենք նրա համար, որ խմբում ապրենք, այլ ոչ մեկուսացման մեջ»,- շարունակում է բժիշկը։
Ուղեղի առողջության համար կատարվող առաջին քայլերը պարզ ու մատչելի են բոլորի համար։ Դրա համար դուք պետք է վաղ արթնանաք, կատարեք տարրական մարզանք, 2 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմեք։
«Առավոտյան ձեզ պետք է հնարավորինս վաղ արթնանալ, բացել պատուհանը ու շնչել թարմ օդ։ Ու մի մոռացեք 2 բաժակ ջրի մասին։ Առաջին բաժակը կգործարկի ողջ աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Երկրորդ բաժակն օգտակար է, քանի որ գործի է դնում ողջ «լոկոմոտիվը»։ Պարզ ասած՝ մեզ օգնում է արթնանալ»,- ասում է նյարդավիրաբույժը։
Քնի ժամանակ ուղեղը չի քնում, այն ջանասիրաբար աշխատում է, որ պաշտպանի ներքին օրգանները։ Բայց այն էլի մի կարևոր բան է անում։
Եթե մարդը քնում է իր համար բարդ հարցի մասին մտածելով ու չգիտի, թե ինչպես այն լուծել, հաջորդ առավոտյան նա կունենա դրա պատասխանը։
«Հաջորդ օրը դուք լուծումը կգտնեք։ Եվ այսպես, ուղեղը կապ է ստեղծել մտքի, դատողության, հիշողության միջև, իսկ առավոտյան կտա գաղափարը։ Այդ պատճառով էլ մոռացեք անքուն գիշերների մասին»,- ասում է պրոֆեսորը։
Ուղեղը չի սիրում ճարպ, ծխախոտ և ալկոհոլ, բայց սիրում է սև շոկոլադ։
Ծխախոտն ուղեղի վրա նույնպիսի բացասական ազդեցություն է գործում, ինչպես սրտի վրա։
Ձեր նախաճաշը պետք է հանգիստ ու խաղաղ լինի։ Մի նախաճաշեք արագ կամ ճանապարհին։
«Նախաճաշել պետք է հանգիստ իրավիճակում՝ վայելելով յուրաքանչյուր կտորը։ Ոչ մի անհանգստություն, աղմուկ, խնդիր ու ծխախոտային ընդմիջումներ։ Որքան նախաճաշը թուլացնող լինի, այնքան ձեզ համար հաճելի կլինի։
Առավոտյան ձեզ պետք են էներգիա և միկրոէլեմենտներ, որոնք օրգանիզմին կօգնեն արդյունավետ իրականացնել իր գործառույթները ողջ օրվա ընթացքում։ Դա շատ կարևոր է»,- շեշտում է Վլադ Սիուրեան։
Ուղեղը չի սիրում ճարպ և միս։
Նյարդավիրաբույժը նաև ասում է, որ, եթե պետք է միս ուտեք, ապա մի տնտեսեք դրա վրա. Գնեք այն, որն ավելի օգտակար է։
«Այո, ուղեղին ոչ մի օգուտ միսը չի տալիս։ Բայց քիչ քանակությամբ միսն օգնում է մարմնին։ Ամենալավը ցածր կալորիական միսն է։ Հնդկահավի միսն ու ձուկն ամենաօգտակարն են, ինչ կարող է լինել։
Ուղեղը չի սիրում ճարպ, չի սիրում աղ։ Տոներին, տարին 1-2 անգամ կարելի է։ Բայց չարժե տարվել այդ սնունդով»,- ասում է բժիշկը։
Քաղցրն էլ ոչ միշտ է օգտակար, հատկապես եթե նրա մեջ շատ շաքար կա։
«Մուգ բնական շոկոլադը, տաք, բնական կակաոն, մեղրն ամենաշատն են դուր գալիս ուղեղին,- բացատրում է նյարդավիրաբույժը։ -Ճաշը պետք է լինի բալանսավորված։ Դուք չպետք է լցնեք ստամոքսը, ճանաչեք ձեր չափը։ Ավելին, նախապատվությունը տվեք սովորական ջրին, այլ ոչ՝ հյութերին։
Ուղեղն ունի առավելագույն ակտիվության 2 կետեր՝ 10:00-12:00-ի և 16:00-18:00-ի միջև։ Եթե նա հոգնում է, կարելի է նրան մի քիչ սուրճ տալ, բայց այն դանդաղ խմեք»։
Ուղեղի լավագույն ընկերը ժպիտն է։
Բժիշկն ասում է, որ ուղեղի լավագույն ընկերը սովորական, բոլորի համար մատչելի ժպիտն է։ Դրա համար էլ շատ կարևոր է ժամանակին հեռանալ տխրությունից, միատոնությունից ու կարողանալ ուրախանալ մանրուքներով։
Ուղեղն անհրաժեշտ է մարզել։
Մոռացկոտությունն արտահայտվում է ոչ միայն մեծ, այլև բավականին երիտասարդ տարիքում։ Ալցհեյմերի հիվանդությունը կանխելու համար դուք պետք է մարզեք ձեր ուղեղը։
«Մարզել ուղեղը, շփվել, բաց լինել։ Այս ամենը շատ կարևոր է։ Զբոսնեք, ճանապարհորդեք, նոր բաներ իմացեք, ֆիլմեր ու սերիալներ դիտեք, որոնք ոչ միայն հետաքրքիր են, այլև կարող են ձեզ ինչ-որ բան սովորեցնել, խաչբառներ լուծեք ու գլուխկոտրուկներ։
Շարժումը նույնպես շատ կարևոր է ուղեղի համար։ Եթե մենք շարժվում ենք, մենք գոյություն ունենք։ 3 կարևոր բաներ՝ խոսք, նամակ, շարժում։ Շատերը մոռացել են, թե ինչ է երաժշտությունը, և, ինչն ավելի վատ է, նրանք չեն ուզում պարել։ Պարը, ինչպես ապացուցված է, ավելի վաղ է կանխում Ալցհեյմերի հիվանդության զարգացումը։
Գիշերային լավ քունը պետք է տևի 6 ժամից ոչ պակաս։ Այն ուղեղը մաքրում է աղբից։
Պառկեք քնելու ժամը 22:00-ին, անջատեք հեռուստացույցն ու համակարգիչը քնելուց մեկ կամ 2 ժամ առաջ։ Դրա փոխարեն՝ գիրք կարդացեք։ Դա շատ ավելի լավ է տրամադրում հանգստի։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը