Ռոբերտ Քոչարյանի որդին պատրաստ է իր «միլիարդները» կիսել բոլորի հետ

«Միլիարդավոր դոլարները գտեք, բոլորս միասին կիսվենք»: Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղից իրենց ընտանիքին միլիարդավոր դոլարները:

Հարցին, թե ինչո՞ւ էր ընտանիքից միայն ինքը մասնակցում այսօրվա դատական նիստին, Լ. Քոչարյանը պատասխանեց, որ հարազատներ եղել են, սակայն ինքը խնդրել է, որ միայն ինքը մասնակցի նիստին. «Ես եմ խնդրել քրոջս ու եղբորս չմասնակցել այսօրվա նիստին: Կարծում եմ, որ կարիքը չկա: Ես գալիս եմ»:

Հարցին, թե ինչո՞ւ իր հայրը չի խոսում լրատվամիջոցների հետ, Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ այս պրոցեսներից հետո երևի կխոսի:

Լ. Քոչարյանը պատասխանեց նաև իրենց ընտանիքի ունեցվածքի մասին՝ մինչ հոր նախագահ լինելը՝ նշելով, որ տեղյակ չէ. «Մենք 10 տարի շարունակ ապրել ենք կառավարական ամառանոցում»:

Լևոն Քոչարյանը պնդում է, որ հարստացել է արդար քրտինքով աշխատելու արդյունքում. «Ես աշխատել եմ: Ես հիմա ինչ էլ ասեմ, դառնալու է շահարկման առարկա: Ես չեմ ուզում դրա առիթը տալ: Եթե մարդիկ խնդիր են տեսնում, թող բողոք ներկայացնեն: Ես պնդում եմ, որ ոչ մի անօրինական ճանապարհով ունեցվածք չի ձևավորվել: Պետությունից ոչ մի բան չենք վերցրել: Մարդկանց մոտ ունեցած կարծիքը հարյուրավոր անգամներ իրականությունից կտրված է»:

Տեսանյութեր

Լրահոս