«Ես՝ որպես իրավաբան, Վահե Գրիգորյանի այդ արտահայտությունից հետո ինչպե՞ս կարող եմ կողմ քվեարկել». Գևորգ Պետրոսյան

Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի խմբակցությունը Վահե Գրիգորյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր քվեարկության հարցում, ասաց, որ ինքը չի կարող այդ մասին խոսել, քանի որ դեռ խմբակցությունում այդ հարցը վերջնական չի քննարկվել, բայց իր անձնական կարծիքը կասի։

«Կոնկրետ ես նրան տվեցի հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս եք գնահատում դատարանների դռները փակելու կոչը և այդ կոչը ի կատար ածելու սահմանադրականությունը, և չստացա այդ հարցի սպառիչ պատասխանը։ Մի դեպքում ասաց, որ ինքը գտնում է, որ իսկապես սխալ է, Սահմանադրության համաձայն չէ փակել դատարանների դռները, կազմալուծել դատարանների աշխատանքը, բայց նաև ասաց, որ ինքը չի գտնում, որ եղել է հանձնարարական, կոչ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա նշեց, որ իր երկրորդ հարցը «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն հայտարարությանն էր վերաբերում, որ իրենք ՍԴ դատավորի ընտրության մեջ քաղաքական կոմպոնենտն են կարևորում, և հավելեց, որ այդ հայտարարությունն իր համար բացարձակապես չի տեղավորվում ՀՀ գործող Սահմանադրության շրջանակներում։

«Ինչպե՞ս կարելի է ՍԴ կազմը, որը կոչված է երկրում սահմանադրական արդարադատություն իրականացնել, համալրել՝ քաղաքական կոմպոնենտներից ելնելով։ Արդյո՞ք մտավախություն չկա, որ Գրիգորյանը՝ ՍԴ անդամ, ապա նաև գուցե նախագահ դառնալով՝ չի կարողանալու շրջանցել քաղաքական կոմպոնենտը»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ, եթե մարդը մինչև ՍԴ դատավորը չի քննադատում այդ մոտեցումը, չի ասում, որ չի ընդունում այն տեսակետը, որ ՍԴ կազմը պետք է համալրել քաղաքական կոմպոնենտով, ուրեմն նա իր համար ընդունելի թեկնածու լինել չի կարող։

Ըստ Գևորգ Պետրոսյանի, իրենց հանդիպման ընթացքում Վահե Գրիգորյանը նաև մեկ այլ տարօրինակ արտահայտություն է արել՝ ասելով, որ Դատախազությունը գործադիր իշխանության մաս է։

«Ես՝ որպես իրավաբան, այդ արտահայտությունից հետո ինչպե՞ս կարող եմ կողմ քվեարկել»,- տարակուսեց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով, որ ինքը համոզված չէ, որ Վահե Գրիգորյանը չի կատարելու քաղաքական իշխանության պատվերը։

Գևորգ Պետրոսյանը հիշեց նաև, որ ժամանակին իրենք դեմ են քվեարկել ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր դառնալու թեկնածությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս