«Մարդիկ այս գործը կարելու համար ապագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ». Ռոբերտ Քոչարյան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մեկնարկել էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ՝ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ, որին միացան նաև Յուրի Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի պաշտպանները:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց մերժել իր դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Նիստի վերսկսումից հետո, սակայն, դատավորին բացարկ հայտնեց նաև «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Ներկայացնելով իր միջնորդությունը՝ փաստաբան Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը և տուժողը վստահ չեն դատավոր Դանիելյանի անաչառության հարցում:
Սեդա Սաֆարյանի միջնորդությանը, բայց ոչ ներկայացրած փաստական հանգամանքներին, կրկին միացան Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներն ու անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ով դատավորին հորդորեց ինքնաբացարկ հայտնել.
«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Այս քրեական գործն ամբողջությամբ կարված է, սարքված է, և մարդիկ այս գործը կարելու համար ապագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ խիստ»:
Զարուհի Դիլանյան