Բաժիններ՝

«Արցախին մեկուսացնելու Ադրբեջանի քաղաքականությունը չի հաջողելու». Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև հուշագրերը չեղարկելու մասին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը երեկ իր հոդվածում նշել էր, որ Ֆրանսիայի դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության մասին հուշագրերը։

«Ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է: Հայաստանում ո՞վ է այս հարցով զբաղվում՝ իրավական էլիտան, դիվանագիտական էլիտան, ո՞վ: Եվ տեղյա՞կ է արդյոք որևէ մեկն այդ գործընթացից: Հաշվարկե՞լ է որևէ մեկը, որ սա կարող է նախադեպային դառնալ ԵՄ այլ երկրների համար, և ստանանք շրջափակման նոր մակարդակ: Հայաստանի ներքին մթնոլորտը, որն օր օրի ավելի անտանելի է դառնում, էապես թուլացնում է մեր դիրքերը: Մենք խաբում ենք մեզ, եթե կարծում ենք, որ այսօրվա լայվերի ու լոզունգների ռեժիմով կարողանալու ենք հակակշռել հին և նոր մարտահրավերներին: Պարզապես օրվա հրամայական է՝ սկսել աշխատելը: Միայն աշխատող Հայաստանը կարող է դիմակայել և գտնել զարգացման ռեսուրսներ: Իսկ աշխատանքի համար նախապայման  է ագրեսիայի, ներքին սուր կոնֆլիկտների բացառումը, մի քանի կարևոր թեմաների շուրջ տեսակետների վերանայումը»,- նշված է հոդվածում:

Թեև հայկական կողմից այս առնչությամբ որևէ արձագանք չկա, սակայն Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Վալանսի քաղաքապետ, Օվերնյ-Ռոն Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնը հայտարարություն են տարածել՝ ափսոսանք հայտնելով Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկման առնչությամբ: Միաժամանակ նրանք նշել են, որ վերհաստատում են իրենց հավատարմությունն Արցախի ու նրա բնակիչների հետ բարեկամությանը՝ հուսալով, որ իրենց անսասան համերաշխությունը կնպասի խաղաղությանը և Ֆրանսիայի՝ այսօր խարխլված հեղինակության ամրապնդմանը Կովկասում։

«Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի ու Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը։ Չնայած նրան, որ ֆրանսիական սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին չի արգելում միջազգային գործունեություն իրականացնել, ստորագրված հռչակագրերն ընդամենը բարեկամության մասին պարզ հայտարարություններ են, որոնք ժողովուրդների միջև բարեկամության և սպորտի, մշակույթի ու կրթության բնագավառներում հարաբերությունների հաստատման կոչ են անում»,- նշված է հայտարարության մեջ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն անդրադառնալով Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ստորագրած հուշագրերի չեղարկմանը՝ նկատեց՝ Ադրբեջանն օգտագործելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան համանախագահող երկիր է, ճնշումներ է գործադրում Ֆրանսիայի իշխանությունների վրա՝ նշելով՝ եթե Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագիր է ստորագրում, նշանակում է՝ Արցախի հարցում ցուցաբերում է կողմնապահություն։

«Սա առաջին դեպքը չէ և, ցավոք, Ֆրանսիայի իշխանությունները երբեմն տեղի են տալիս այդ ճնշումներին։ Սակայն ամենակարևորն այն է, որ Ադրբեջանի այս ջղաձիգ  գործողությունները ցույց են տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք երբեք չպետք է թուլացնենք այն աշխատանքների տեմպը, որոնք իրականացնում ենք տարբեր երկրների, միջազգային կառույցների հետ։ Համագործակցության առումով մենք անպայման հաջողելու ենք։

Ադրբեջանի այն քաղաքականությունը, որն ուղղված է Արցախին մեկուսացնելուն կամ շրջափակելուն, չի հաջողելու, քանի որ տարեցտարի մեր բարեկամների շրջանակը մեծանում է։ Արցախ են ժամանում տարբեր երկրների ներկայացուցիչներ, պատգամավորներ»,- ասաց Վ. Բալայանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր ունի սեփական շահերը, Ֆրանսիան՝ նույնպես, որը համարվում է Հայաստանի համար բարեկամ երկիր։ Սակայն չպետք է մոռանալ Ադրբեջանի նավթը և էներգետիկ ռեսուրսները, ուստի այդ ամենը հաշվի առնելով՝ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ՝ եվրոպական տարբեր երկրները փորձում են վարել բալանսավորված քաղաքականություն։

Վահրամ Բալայանը նաև հավելեց, որ հուշագրերի չեղարկումը ցավալի է, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ Արցախը պետք է հետ կանգնի իր բռնած ճանապարհից։

«Չեմ կասկածում, որ առաջիկայում Ֆրանսիայի այս կամ այն քաղաքն Արցախի քաղաքներից որևէ մեկի հետ չկնքեն համագործակցության հուշագիր։ Եվ ոչ միայն Ֆրանսիայի, այլև այլ երկրների քաղաքների հետ»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս