Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը կրճատվել է մինչև վեց
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հունիսի 14-ին կրճատվել է մինչեւ վեց այն բանից հետո, երբ առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոքը հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին: Իր որոշման մասին թեկնածուն հայտնել է «Իվնինգ ստանդարդ» թերթին տված հարցազրույցում, որը հայտնվել է այդ հրատարակության կայքում:
«Ես որոշեցի դուրս գալ մրցարշավից եւ պարզել, թե ինչպես կարելի Է ավելի լավ պաշտպանել այն արժեքները, որոնք խորապես մտահոգում են ինձ»,-ասել Է նա:
Թորիների խորհրդարանական խմբակցության անդամների շրջանում քվեարկության՝ հունիսի 13-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ Հենքոքն ստացել Է քսան կուսակիցների աջակցությունը եւ նախավերջին՝ վեցերորդ տեղն զբաղեցրել այն թեկնածուների թվում, որոնց հաջողվել Է անցնել երկրորդ փուլ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի տասը թեկնածուներից յոթն անցել են քվեարկության երկրորդ փուլ: Քվեարկության առաջին փուլի արգելքը հաղթահարելու համար թեկնածուներին պահանջվում էր 17 պահպանողական պատգամավորի կամ Համայնքների պալատում թորիների խմբակցության թվաքանակի 5 տոկոսի աջակցությունը:
Այդ խնդիրն ուժից վեր է դարձել աշխատանքի եւ թոշակների գործերի նախկին նախարար Էսթեր Մաքվեյի համար, որն ստացել է ընդամենը ինը պատգամավորի աջակցությունը, ֆինանսների նախկին նախարար Մարկ Հարփերի (10 ձայն) եւ Համայնքների պալատի նախկին ղեկավար (խորհրդարանի ստորին պալատում բրիտանական կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմի (11 ձայն) համար:
Առավել մեծ աջակցությունը՝ 312 պատգամավորներից 114-ի, ստացել է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը: Նրան հաջորդում են Ֆորին օֆիսի ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթը (43) եւ Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը (37):
Այս արդյունքները հաստատել են սկզբնական կանխատեսումները, որոնք այս երեք քաղաքական գործիչներին էին առանձնացնում որպես ներկուսակցական նախընտրական մրցարշավի ֆավորիտներ:
Մնացած թեկնածուների արդյունքները, որոնք անցել են երկրորդ փուլ, այսպիսին են. Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբ (27), Թագավորության ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդ (23), առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոք (20), միջազգային զարգացման հարցերի նախարար Ռորի Սթյուարթ (19), հաղորդել է ՏԱՍՍ-ը: