ԱՄՆ-ը սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքի կայունությանը. Ռոուհանի
ԱՄՆ-ի գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում Մերձավոր եւ Միջին Արեւելքի կայունությանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«ԱՄՆ-ի կառավարությունը վերջին երկու տարվա ընթացքում, խախտելով միջազգային բոլոր համաձայնություններն ու կանոնները եւ օգտագործելով իր տնտեսական, ֆինանսական ու ռազմական հնարավորությունները, դրսւորում է ագրեսիվ մոտեցում եւ լուրջ սպանալիք է ներկայացնում տարածաշրջանի ու աշխարհի կայունությանը»,- ասել է Ռոուհանին Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի՝ Բիշքեկում ընթացող նիստում:
Նա խնդրել է Գործողությունների համատեղ համապարպակ ծրագրի մասնակից երկրներին՝ հնարավորինս շուտ կատարել իրենց պարտավորությունները:
Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման ներուժն սպառվել է, երկրի իրադրությունն անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել է: Նրա խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումն աննախադեպ է, եւ նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նախկին պատժամիջոցները համեմատության ոչ մի եզր չունեն այն բանի հետ, ինչ անում է Վաշինգտոնը: Սակայն Ռոուհանին նշել է, որ չնայած դրան, Իրանում այժմ լավ վիճակ է, ինչն, այնուամենայնիվ, խնդիրների բացակայություն չի նշանակում:
Իր հերթին Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել ճնշման ներքո, չի վստահում Վաշինգտոնին, որի հետ չի ցանկանում կրկնել բանակցությունների «դառը փորձը»:
«Իրանը ոչ մի վստահություն չի տածում ԱՄՆ-ի նկատմամբ, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում Ամերիկայի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չպետք է կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ բանակցությունների չի գնա ճնշման ներքո»,-ասել է Խամենեին:
Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարողանա փոխել Իրանում գոյություն ունեցող կարգը: «Եթե ԱՄՆ-ն իրոք հետապնդում է այդ նպատակը, նա ի զորու չէ դա անել, ինչպես որ ԱՄՆ-ի նախորդ նախագահները 40 տարվա ընթացքում փորձում էին կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց չստացվեց»,-ասել է Խամենեին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: