Բաժիններ՝

ԱՄՆ-ն առևտրային ներկայացուցչություն կբացի Վրաստանում

 Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը եւ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Վաշինգտոնում ձեւակերպել են պայմանագիր, որի համաձայն, ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում Թբիլիսիում առեւտրային ներկայացուցչության ստեղծմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուռնավան:

«ԱՄՆ-ը՝ մեր ռազմավարական գործընկերը, Վրաստանը որպես պոտենցիալ հանգույց է ընկալում տարածաշրջանում, որտեղ պետք է գործի առեւտրային ու տնտեսական ներկայացուցչություն, որը տարածաշրջանի մասշտաբով կկոորդինացնի տնտեսական հարաբերությունները: Ելնելով դրանից՝ սկսվել է Վրաստանում ԱՄՆ-ի առեւտրային ներկայացուցչության ստեղծման գործընթացը: Դա կլինի տարածաշրջանային նշանակության գրասենյակ, եւ դա մեկ անգամ եւս հավաստում է այն, որ ԱՄՆ-ը մեզ որպես իրական հանգույց է ընկալում տարածաշրջանում ամերիկյան բիզնեսի համար»,-ասել է Տուռնավան:

Պայմանագիրն ստորագրվել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում առեւտրային ներկայացուցչություն բացելու ԱՄՆ-ի ձգտումը խոսում է այն մասին, որ «Վրաստանը կդառնա տարածաշրջանի տնտեսական կենտրոնը»:

Բախտաձեն լրագրողների հետ զրուցելիս նաեւ հայտարարել է, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը եւ Վրաստանը կստորագրեն եւս մեկ «կարեւոր փաստաթուղթ»: Վարչապետը ձեռնպահ է մնացել կոնկրետ մանրամասներ նշելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս