Կայունություն չկա. Քաղաքական ռիսկերը դարձել են խոչընդոտ ներդրումների համար
Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնի վերջերս ներկայացրած վարկանշային գնահատականներով՝ Հայաստանի տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը բարձր է։ Որպես հետևանք՝ կենտրոնը կոչ էր արել միջազգային կազմակերպություններին և այլ ներդրողներին՝ խուսափել Հայաստանում ներդրումներ, ինչպես նաև ֆինանսական գործառնություններ իրականացնելուց։ Այլապես մեծ է հավանականությունը, որ ներդրողները զգալի կորուստներ կունենան՝ պայմանավորված զուտ քաղաքական գործոնով։
Նման գնահատականը, անշուշտ, շատ վատ է։ Ու դա պետք է լրջորեն մտահոգի կառավարությանը։
Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո Հայաստանում չի վերականգնվում կայունությունը։ Այսօր էլ ներքին լարվածությունը երկրում պակաս բարձր չէ։ Թվում էր, թե իրավիճակը պիտի հանդարտվեր Ազգային ժողովի ընտրություններից հետո, բայց դա էլ չօգնեց։
Ու որքան էլ կարող է տարօրինակ հնչել, դրանում կարծես շահագրգռված է առաջին հերթին՝ քաղաքական իշխանությունը։ Տպավորություն է, որ մարդիկ օր ու գիշեր մտածում են, թե ինչ անեն, որպեսզի պահպանեն հեղափոխական տրամադրությունները։ Դա գուցե անհրաժեշտություն է հասարակության հույզերի վրա իշխանության եկած քաղաքական ուժի համար, բայց տուժում է երկիրը, առավել ևս՝ տնտեսությունը։
Չգիտակցել սա, նշանակում է՝ վտանգել տնտեսության ապագան։ Հատկապես որ, առանց այդ էլ, տնտեսությունը մի փայլուն վիճակում չէ, ինչքան էլ կառավարության ղեկավարը փորձում է նման տպավորություն ստեղծել։
Անկայունությունը տնտեսության ամենամեծ թշնամին է։ Նման պայմաններում անիմաստ է զարգացման համար լուրջ հույսեր փայփայել, էլ չասենք՝ ներդրումներ ակնկալել։ Մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա նկատմամբ։ Տնտեսական հատվածում այժմ էլ անորոշությունների պակաս չկա։
Ներքին լարվածությունը Հայաստանում չի հանդարտվում։ Իշխանափոխությունից անգամ մեկ տարի հետո քաղաքական իշխանությունը չի կարողանում հասկանալ, որ հարայ-հրոցով երկիր չեն կառավարում, տնտեսություն չեն զարգացնում, տնտեսական հեղափոխություն չեն իրականացնում։ Նման բան երբեք չի լինում։ Պետք է հնարավորինս արագ վերադառնալ նորմալ աշխատանքային հարաբերությունների։ Ու ինչքան շուտ՝ այնքան լավ։
Բայց քաղաքական իշխանությունն այդպես չի մտածում։ Այն որդեգրել է երկիրն անընդհատ լարվածության մեջ պահելու տարբերակը։
Հիմա էլ որոշել են սևազգեստներին չեզոքացնել, կարծես անցումային արդարադատություն ու վեթինգ կիրառելը քիչ էր։ Կիրառելը՝ կիրառեք, բայց ոչ՝ տնտեսությունը վտանգելու հաշվին։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե այդ գործընթացը որքան կտևի։ Իսկ դա նշանակում է, որ անկայունությունը Հայաստանում դեռ երկար կպահպանվի։
Այդ պայմաններում, անհասկանալի է, թե կառավարությունն ինչի վրա է դրել տնտեսական հեղափոխություն իրականացնելու հույսը։ Եթե, իհարկե, դեռ նման հույսեր կան։ Վերջին շրջանում վարչապետը սկսել է քիչ խոսել այդ մասին։ Թեև ասելու բան էլ չկա։ Տնտեսական հեղափոխությունը մի տեսակ դադար է վերցրել, չնայած այն չէր էլ սկսվել, և միայն ասելով չէ, որ պիտի սկսվեր։
Որտե՞ղ կա այսօր տնտեսական հեղափոխություն։ Ամենուր նույն մեռած վիճակն է։ Գյուղատնտեսության ոլորտում մեկ-երկու փոքր ծրագրեր փորձելով սուբսիդավորել՝ կառավարությունը կարծես իր գործն ավարտած համարեց և հիմա հավանաբար սպասում է, որ հասարակությունն իրականացնի իր փայ տնտեսական հեղափոխությունը։
Հակառակի նման՝ հասարակությունը մոտ չի գալիս։ Չնայած մոտ գալու համար ֆինանսական միջոցներ են պետք, ներդրումներ, որոնք չկան։
Ով էլ փող ունի, սարսափած նստած է, թե երբ են գալու իր հետևից։ Ներդրումներ անելու փոխարեն՝ այդ մարդիկ ելքեր են փնտրում ունեցվածքը երկրից հանելու համար։ Դեմը, ի վերջո, անցումային արդարադատությունն է։
Երկարաժամկետ այն բացասական սպասումները, որոնք քաղաքական իշխանությունն ու կառավարությունը ստեղծել են երկրում, ոչ մի լավ բան չի խոստանում տնտեսությանը։ Ընդ որում, ոչ միայն ներքին միջավայրից։ Երբ վտանգի տակ է սեփականության իրավունքը, չպետք է հույսեր փայփայել, որ դրսի կապիտալը կգա Հայաստան։ Ու ինչքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վատ տնտեսության համար։
Խնդիրն այն չէ, որ պետությունից թալանված ու գողացված փողերը չպետք է վերադարձվեն։ Այդ առումով այլ կարծիք չի կարող լինել։ Բայց չի կարելի տնտեսությանն անընդհատ ցնցումների ու սթրեսի մեջ պահել։ Դա որևէ մեկի օգտին չէ։ Եթե կար նման նպատակ, ապա պետք է շատ ավելի վաղ արվեր։ Այդ պրոցեսն ինչքան երկարի, այնքան հետաձգվելու են տնտեսության զարգացման հետ կապված ակնկալիքները։
Պատահական չէ, որ տնտեսական աճեր ցույց տալու համար այսօր կառավարությունը մնացել է իմիտացիաների հույսին։ Բայց դա խնդիրի լուծում չէ։ Մինչ կառավարությունը բարձր տնտեսական աճերից ու բումերից է խոսում, մարդիկ դա չեն տեսնում իրական կյանքում ու իրենց շրջապատում։
Հնարավոր չէ հասարակությանը թվերով անվերջ կերակրել։ Դա կարող է հաջողվել մեկ անգամ, երկու անգամ, տասն անգամ, քսան անգամ, հետո փուչիկը պայթելու է։ Ու գալու է պատասխան տալու ժամանակը, ինչպես եղավ մեկ տարի առաջ, երբ հասարակությունը փողոց դուրս եկավ։ Որքան էլ կարող է տարօրինակ լինել, բայց այսօր էլ նա շարունակում է մնալ փողոցում, որովհետև միայն այստեղ է տեսնում իր խնդիրների լուծումը։ Իհարկե, դա լավ օրից չէ, բայց վատ նախադեպ է ձևավորվել, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ, եթե արդեն չի ունեցել։ Ահա այս մասին է պետք մտածել։
Իսկ ի՞նչ է անում այսօր կառավարությունը. երկրի կայունության հաշվին փորձում է բավարարել իր քաղաքական հետաքրքրությունները՝ փոխարենը լուծելու հասարակության ու տնտեսության խնդիրները։ Կասկած չկա, որ Հայաստանի տնտեսությանն իսկապես տնտեսական հեղափոխություն ու տնտեսական թռիչք է պետք։ Բայց ոչ թե խոսքերով, այլ գործով։ Այդ գործն է, որ չի երևում։
Նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում այսօր դժվար է գտնել որևէ ոլորտ, որտեղ անցած մեկ տարում տնտեսական գործընթացները խթանելուն ուղղված քիչ թե շատ նկատելի քայլեր են արվել։ Մեկ տարի է՝ քննարկում ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Չնայած այնպես չէ, որ դրա ընդունումից հետո տնտեսության համար դրախտային պայմաններ են ստեղծվելու։
Ի վերջո, չի կարելի ամեն ինչ կապել կոռուպցիայի կանխարգելման կամ շուկաներ ազատ մուտքի հետ, հատկապես որ, դա էլ շատ դեպքերում ձևական բնույթ է կրում։ Արտաքին, ինչո՞ւ չէ, նաև ներքին շուկայում երկրի տնտեսության պոտենցիալը գնալով սահմանափակվում է։ Ավտոմեքենաներ դրսից բերելով և ԵԱՏՄ երկրներ վերարտահանում անելով չէ, որ պետք է բարելավվի արտաքին առևտրի հաշվեկշիռը։ Վաղն այդ հնարավորությունն էլ է փակվելու, հետո ի՞նչ ենք անելու։
Տնտեսության մասին է պետք մտածել, այն էլ՝ արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության։ Անցած մեկ տարում կառավարությունն այդպես էլ ոչինչ չարեց ներմուծման փոխարինման համար, չնայած թե՛ արտահանման խթանումը, և թե՛ ներմուծման փոխարինումը հռչակել է իր առանցքային խնդիրներից մեկը։
Ժամանակն է դուրս գալ հեղափոխական թմբիրից։ Այլապես հետո ավելի ծանր է լինելու։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ