«Անցումային արդարադատություն և վեթինգ». պարտադրա՞նք, թե՞ անհրաժեշտություն

Վերջին մի քանի ամիսներին հանրային օրակարգում առավել հաճախ օգտագործվող թեզերը անցումային արդարադատության մասին տարբեր մեկնաբանություններ են, որոնք հիմնականում առաջ են քաշում և մեկնաբանում ոչ մասնագետները՝ ուղղակի սիրողական մակարդակում: Սակայն այս երևույթների մասին անհրաժեշտ է, որ  արվեն խորը մասնագիտական ուսումնասիրություններ, հնչեն գնահատականներ:

«Անցումային արդարադատություն» ասվածը շատ ընդհանուր հասկացություն է, այն ունի տարբեր գործիքներ և մեխանիզմներ, և մեխանիզմներից մեկը ճշմարտության, հաշտեցման և փոխհատուցման հանձնաժողովն է: «Անցումային արդարադատության» հիմնական նպատակը, որը, որպես կանոն, կիրառվում է հակամարտությունների կամ քաղաքացիական պատերազմներին հաջորդող փուլերում, հաշտեցումն է, ոչ թե պատիժը, քենը կամ ոխը: Նմանօրինակ գործընթացներ կիրառվում են նաև դիկտատուրա և ավտորիտար համակարգեր ունեցող հասարակարգերում՝ այդ ընթացքում տեղի ունեցած հանցագործություններն ու իրավախախտումները պարզաբանելու համար:

Ըստ էության ձևավորվում է մի հանձնաժողով, որը կրում է կենսաիրավաբանական բնույթ, այնտեղ լինում են և՛ իրավաբաններ, և՛ ոչ իրավաբաններ, անաչառ, հասարակության կողմից միանշանակ հեղինակություն վայելող մարդիկ:

Նշվածից հետո միանգամից հարց է առաջանում՝  ո՞ր դեպքերն են, որ ստիպել են ՀՀ գործող իշխանություններին դիմել նման գործիքի կիրառմանը, և մի կարևոր հանգամանք ևս՝ ո՞ր ժամանակահատվածից սկսած այն պետք է ուսումնասիրվի և կիրառվի: Կամ թե՝ որ խախտումներն են, որ միջազգային պրակտիկայում արձագանք են ստացել անցումային արդարադատության ճանապարհով։ Անցումային արդարադատության մասին խոսող միջազգային ստանդարտները նշում են, որ դա արձագանք է սիստեմատիկ, համակարգային, պարբերական, զանգվածային մարդու իրավունքների խախտումներին: Մի բան պարզ է, որ ներհայաստանյան բարեփոխումների ու իրավակարգավորումների համար մեր օրենսգրքերն ու սահմանադրաիրավական նորմերն ամբողջովին բավարար են:

«Անցումային արդարադատությունը» և «վեթինգն» իրարից տարբեր հասկացություններ են: «Վեթինգն» օգտագործվում է շատ երկրներում անցումային արդարադատության համար, սակայն այն միայն «անցումային արդարադատության» գործիքը չէ: «Վեթինգ» նշանակում է՝ պարզել մարդու, պաշտոնյայի կամ սպայի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին: Շատ մասնագետներ համարում են, որ վեթինգը բավականին ռիսկային գործիք է, այն դատաիրավական համակարգի բարելավման մի փոքր գործիք է:

Չնայած այս գաղափարը դեռևս փետրվարից է քննարկվել իշխանական թիմի ներսում, սակայն այս թեման ակտիվացել է միայն Ռոբերտ Քոչարյանի դատավարության գործնթացի անցանկալի զարգացումից հետո, երբ որոշվել է արագացնել գործընթացը: Իսկ բոլորովին վերջերս հապշտապ անցկացրած խորհրադարանական լսումների մասնակիցների զգալի մասն իշխանությանը հաճո ուժերի ու կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, ինչը հարցի կարևորությունն ու բուն բովանդակությունը դարձրեց ուղղակի արհեստական:

Հարկ է նշել, որ վեթինգի ալբանական փորձը, որն այդքան հաճախ վկայակոչում են նրա կողմնակիցները, բազմաթիվ հարցեր է առաջացնում, և եթե անգամ համաձայնվել նրա հետ, որ կոռուպցիան և Հայաստանում բարեվարքության պակասը դատարանների վեթինգի համար առիթ են, ապա հարկավոր է ավելի ուշադիր ծանոթանալ Ալբանիայի փորձին, նախքան եզրակացություններ անելը: Ալբանիային 3 տարի էր պահանջվել բնակչությանը նախապատրաստելու համար: Նշենք, որ այդ հարցի հետ կապված՝ երկրում առկա էր կոնսենսուս ընդդիմության և իշխանության միջև, իսկ միջազգային կառույցների գնահատմամբ էլ առկա էր նաև հանրային համաձայնություն, քանի որ անցկացվել էին սահմանադրական փոփոխություններ, որոնք դրվել էին հանրաքվեի: Գործընթացի հիմնական աշխատանքները սկսվել էին 2017-ին, ի սկզբանե նախատեսվում էր, որ վեթինգի պետք է ենթարկվեն ավելի քան 800 պաշտոնյաներ՝ դատավորներ, դատախազներ:

Փաստենք, որ ներկայումս տրվել է 280 գնահատական, 140 գործ է ուսումնասիրվել, իսկ 88 պաշտոնյա զրկվել է պաշտոնից: Ալբանիայում վեթինգն անցկացվում է 3 ուղղությամբ՝ մասնագիտական պիտանիություն, եկամուտներ և դրանց համապատասխանում հայտարարագրին, մասնակցություն կազմակերպված հանցավորությանը: Ընդ որում՝ բավական է մեկ լուսանկար հանցավոր աշխարհի հետ կապի հաստատման համար: Ալբանիայում վեթինգն անցկացնում է անկախ հանձնաժողովը, դրան զուգահեռ՝ գործում է բողոքարկման հանձնաժողովը և երկու հանրային հանձնակատար, որոնց կարելի է փոխանցել բողոքը, և այս ամենին հետևում է եվրոպական մոնիտորինգային մարմինը:

Խոսելով անցումային արդարադատության և վեթինգի մասին, վստահաբար կարելի է ասել, որ սա անհայտի մասին լուրջ հանրային դիսկուրս է՝ չկան կոնկրետ պատկերացումներ ու հետևանքներ, նաև ռիսկերի կառավարում ու գնահատում: Իշխանական պատասխանատուները միայն թմբկահարում են թեման, սակայն գաղափարական և բովանդակային առումով ամեն ինչ ունայն է:

Իրականում առավել ակտուալ է այն թեզը, որ այս երկու իրավական հասկացություններն ուղղակի դրսից ներկայացվել են հանրային օրակարգում: Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությանը եղել է արտաքին ուժերի ակտիվ մասնակցությունը, ապա տրամաբանական է, որ նրանք ներկայումս «փայ» են մտնում իրենց կատարածի պտուղներից: Միանշանակ է, որ սա իր մեջ ազգային անվտանգության տարրեր պարունակող բավականին ռիսկային, ինչո՞ւ ոչ, նաև անհեռատես գործելաոճ է:

Ներկայացնելով այս դիտարկումների շարքը՝ հետաքրքիր է, թե ինչպե՞ս և, ամենակարևորը, ո՞վ է իրականացնելու վեթինգը: Կա ևս մի շատ էական դետալ՝ ի՞նչ անել դատական համակարգի կաթվածահարման սպառնալիքի դեպքում:

Ամփոփելով՝ հավելենք ևս մի կարևոր դրվագ. Եթե, օրինակ, Ալբանիայի դեպքում վեթինգ ասվածը երկիրը տարավ դեպի եվրոպական մեծ ընտանիք, իսկ, ասենք, ՀՀ-ի պարագայում անհասկանալի է, թե ո՞ւր կտանի այն և ի՞նչ փորձությունների առաջ կկանգնեցնի և հանրությանը, և ամբողջ պետությանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս