«Ոստիկանությունը իրեն վերապահում է դատարանից ավել գործառույթներ և փորձում է կարգադրել դատարանին, թե նա ինչպիսի գործողություններ իրականացնի». փաստաբան

Երեկ 168.am-ն արդեն իսկ գրել էր այն մասին, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանն ապօրինի էր համարել իր պաշտպանյալի՝ Բագրատաշենի անցակետում հայ-վրացական սահմանն անցնելու սահմանապահների կիրառած արգելքը։

«Յուրի Խաչատուրովն անձնապես իր մոտ ունեցել է դատարանի հանձնարարականը այն մասին, որ առաջին հերթին նրան թույլատրվում է որոշակի ժամանակահատվածով մեկնել ՀՀ-ից, և երկրորդը, որ, եթե առկա է սահմանահատումների արգելք, ապա դա ենթակա է վերացման, սակայն այդ փաստաթղթի ներկայացումն էլ ոչինչ չի փոխել. կարճ քննարկումներ են եղել, բայց իրավիճակը որևէ կերպ չի փոխվել: Սահմանապահները չեն թույլատրել նրան հատել սահմանը»,- նշել էր Միհրան Պողոսյանը:

Վերջինս հավելել էր նաև, որ «Պետք է նշել, որ ընդհանրապես արգելք կիրառելն էլ է հակաօրինական եղել, որովհետև գաղտնիք չէ, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց` գրավ է սահմանված, և գրավի պայմաններում որևէ պաշտոնատար անձ իրավունք չունի սահմանահատումների արգելք կիրառել: Այսինքն` հերիք չէ, որ ի սկզբանե անօրինականություն է տեղի ունեցել, երբ սահմանահատումների արգելք է կիրառվել իմ պաշտպանյալի նկատմամբ, նաև անօրինականություն է իրականացվել այն պարագայում, երբ դատարանի հստակ հանձնարարական է առկա եղել` կիրառված սահմանահատումների արգելքը վերացնելու հետ կապված, ու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց պաշտոնական պարտականությունները և չեն վերացրել այդ արգելքը»։

Այս հայտարարության ու պաշտպանի մեղադրանքների կապակցությամբ այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր.

«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ առկա չի եղել վարույթն իրականացնող մարմնի՝ պատշաճ դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ ձևակերպված թույլտվություն:
ՀՀ քրեական դատավարության 143-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ, եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ:

Վերոգրյալից ակնհայտ է, որ մեղադրյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը, այլ տեղանք կարող է մեկնել բացառապես վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Վարույթն իրականացնող մարմնի թույլտվությունը պետք է արտահայտվի ոչ այլ կերպ, քան համապատասխան դատավարական փաստաթղթով՝ որոշմամբ: Մինչդեռ տվյալ դեպքում նման որևէ որոշում կայացված չի եղել, և դատարանի կողմից ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանն ուղղված գրությունը հիմնված չի եղել նման դատավարական որոշման վրա»։

Ոստիկանության այս պարզաբանումը 168.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը որակեց՝ որպես աճպարարություն, այսինքն՝ ոստիկանությունն իր կատարած ապօրինությունները քողարկելու ինչ-որ գործողություն է իրականացնում։

«Նախ և առաջ իրենք լիազորված չեն մեկնաբանելու Քրեական դատավարության օրենսգիրքը, և այդ պատասխանից ակնհայտ էր, որ իրենք հղում չէին կատարում որևէ օրենսդրական նորմի, որ անհրաժեշտ է դատարանի որևէ որոշում, այլ սեփական նախաձեռնությամբ սկսել են մեկնաբանել Քրդատ օրենսգիրքը»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ այդ մեկնաբանությունն իրականությանը չի համապատասխանում, չի կարող այդպիսի կարգավորումներ ունենալ, քանի որ ստացվում է մի իրավիճակ, որ ոստիկանությունը դատարանին կարգադրում է, թե ինչպիսի գործողություններ իրականացնի։

Ըստ Յու. Խաչատուրովի պաշտպանի՝ ոստիկանությունը նման գործառույթ չունի, և պետք չէ մոռանալ այն մասին, որ պետական և տեղական ինքնակառավարման պաշտոնատար անձինք միայն իրավասու են կատարել օրենքով սահմանված լիազորություններ։

«Ի դեպ, Քրդատ օրենսգիրքը դատարանին նման որոշում կայացնելու ոչ մի լիազորություն չի տվել։ Այսինքն՝ դատարանն օբյեկտիվորեն ինչ որ պարտավոր էր, իրականացրել է։ Ոստիկանության կողմից փորձ է կատարվում կոծկել այն ապօրինությունը, ինչ տեղի է ունեցել Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Մենք կրկին պնդում ենք, որ տեղի է ունեցել լիազորությունների չարաշահում, և եթե նույնիսկ առաջնորդվենք ոստիկանության տարածած հաղորդագրության տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ սահմանահատումների արգելք դնելու մասին ևս պետք է որոշում կայացված լիներ վարույթն իրականացնող մարմնի կողմից, մինչդեռ քրեական գործում նման որոշումը բացակայում է»,- ասաց Միհրան Պողոսյանը։

Մեր այն հարցին, թե եթե, ինչպես պաշտպանն է պնդում, Յուրի Խաչատուրովի մոտ եղել է սահմանը հատելու թույլտվություն, և նույնիսկ սահմանապահների կողմից այդ առիթով կարճ քննարկում է եղել, ուրեմն էլ ի՞նչ փաստաթղթի բացակայությանն է հղում անում ոստիկանությունը, Մ. Պողոսյանն ասաց.

«Ես չգիտեմ։ Իրենք դատավարական որոշում են ցանկանում, որն օրենքով սահմանված կարգով իրավասու չէ տալ, որովհետև Քրդատ օրենսգիրքը չի էլ նախատեսում նման բան»։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ պաշտպանը երեկ մեզ հետ հարցազրույցում նշել էր, որ սահմանն անցնելու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթն ինքը ներկայացրել է ոստիկանություն, և նույնիսկ կա մակագրություն, որ դա իրենք ստացել են, Մ. Պողոսյանն ասաց, որ իրենք ընդունում են, որ այդպիսի գրություն կա, իրենք ստացել են այն, պարզապես իրենք, հայտնի չէ, թե ինչի հիման վրա, յուրովի մեկնաբանելով Քրդատ օրենսգիրքը, նշում են, որ այդ գրությունը բավարար չի եղել։

«Իրենք ընդունում են, որ դատարանից գրություն ստացված է եղել։ Կարող ենք արձանագրել, որ ոստիկանությունն իրեն վերապահում է դատարանից ավել գործառույթներ և փորձում է կարգադրել դատարանին, թե նա ինչպիսի գործողություններ իրականացնի»,- ասաց ՊՆ նախկին գլխավոր շտաբի պետի փաստաբանը։

Վերջինս նշեց նաև, որ դեռևս չեն ստացել ՄԻՊ-ի գործողությունների հետ կապված ողջ փաստաթղթաշրջանառությունը. Իրենք ճշտումների փուլում են, և այս պահին դեռ տեղեկություն չկա։

Ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին, Միհրան Պողոսյանը ևս մեկ անգամ պնդեց, որ այս անօրինականությանն առնչություն ունեցած բոլոր պաշտոնատար անձինք պետք է օրենքի առջև պատասխան տան։

Տեսանյութեր

Լրահոս