Բաժիններ՝

«Հայաստանը հեղափոխությունից անմիջապես էլ  հետո գտնվում է տնտեսական աճի փուլում». ՀՀ վարչապետ

Երևանում այսօր՝ հունիսի 10-ին, մեկնարկել է հայ-իտալական գործարար համաժողովը: Միջոցառման բացմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խորին շնորհակալությունս վարչապետ Փաշինյանին, ձեր ներկայությունն այս բիզնես ֆորումին նշանակալի է ՝հաշվի առնելով նաև այն հարաբերությունները, որոնք կան Երևանի և Հռոմի միև, ոը միտված է բարելավելու նաև բիզնես միջավայրը երկու երկրների միջև»,- հայերեն ողջույնից հետո իր ելույթում նշեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։ Դեսպանը տեղեկացրեց, որ Իտալիան համաժողովին մասնակցում է  բավականին ներկայացուցչական խմբով։

Հայ-իտալական գործարար առաջին համաժողովի ընթացքում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց վերջին մեկ տարվա ու այսօրվա քաղաքական գործընթացներին անդրադառնալով՝ ընդգծելով, որ պոտենցիալ ներդրողներն այդպիսով ավելի ճշգրիտ կարձանագրեն, թե ինչ երկրում են գտնվում.

«Մեկ տարի առաջ Հայաստանում քաղաքական դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել և աննախադեպ իրադարձություն՝ տեղի է ունեցել ոչ բռնի թավշյա հեղափոխություն, երբ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է՝ առանց որևէ բռնության, և այս գործում ամենևին էլ երկրորդական դեր չի ունեցել այն փաստը, որ մենք կարողացել ենք այնպես անել, որ որևէ արտաքին ուժ ներգրավված չլինի Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծմանը։

Նախորդ մեկ տարվա ընթացքում մենք կարողացել ենք քաղաքական առումով արմատախիլ անել կոռուպցիան, համակարգային կոռուպցիան, վերացնել քաղաքական առումով մենաշնորհները։ Ինչու եմ ասում՝ քաղաքական առումով, որովհետև հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաև իրենց որոշակի կուտակած ցանցեր, փորձ, կապիտալ ունեն, բայց մյուս կողմից՝ նրանք այլևս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում, այսինքն՝ շուկայում էքսկլյուզիվ դերակատարում ունենալ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այդ ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում. սա շատ կարևոր է՝ ընդգծելու համար, թե մենք ինչքան բալանսավորված մոտեցում ենք ցույց   տալիս տնտեսական դաշտին, տնտեսական գործունեությանը։

Մենք ունենք ևս մեկ բացառիկ իրադարձություն, որ նախորդ մեկ տարվա ընթացքում հեղափոխություն է տեղի ունեցել, և մենք չունենք սեփականության վերաբաշխման գեթ մի դեպք, այսինքն՝ ՀՀ-ում երաշխավորված է սեփականության իրավունքը»։

Վարչապետն իր ելույթում նշեց, որ չնայած հսկայական քաղաքական  փոփոխություններին՝ Հայաստանը խուսափել է տնտեսական ցնցումներից, իսկ ֆինանսական շուկան մնացել է կայուն.

«Եվ, ըստ էության, Հայաստանը հենց հեղափոխությունից անմիջապես էլ հետո գտնվում է տնտեսական աճի փուլում»։

 

Հայ-իտալական բիզնես համաժողովը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ Իտալիայի դեսպանության հովանավորությամբ:

Համաժողովին ներկա են նաև Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE):

Քննարկվելու են մարզային  նախաձեռնությունների և ֆինանսական գործիքների, վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետացման, թափոնների վերամշակման և շրջանառության, խելացի քաղաքների, քաղաքային տրանսպորտի, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային հատակագծման և Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնման թեմաները։

Հունիսի 11-ին ծրագրված  է այց Գյումրի՝ «IDEA» հիմնադրամի և «Deem Com» ընկերության հետ միասին:

 

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս