Բաժիններ՝

Sasstex-ի բանվորուհիները կրկին մնացին ձեռնունայն. գործարանում նրանց ոչ ոք չէր սպասում

Գյումրու Sasstex կարի գործարանի բանվորուհիները հունիսի 6-ին գործարանում էին, սակայն ղեկավարությունից ոչ մեկը չկար՝ չնայած նրանց հեռախոսազանգով տեղեկացրել էին, որ գործարանի ղեկավարությունն այսօր նրանց պետք է ներկայացներ նոր պայմանագրեր: Նրանք, ովքեր համաձայն կլինեին պայմանագրի նոր օրինակին, կարող էին կնքել՝  շարունակելով աշխատանքը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ բանվորուհիները բողոքում են շատ ցածր աշխատավարձից և աշխատանքային պայմաններից և արդեն մի քանի օր է՝ հարկադրված պարապուրդի են, սակայն գործարանի ղեկավարությունից ոչ հանդիպում են, ոչ լսում բանվորուհիներին, այլ միջնորդների օգնությամբ են տեղեկացնում այս կամ այն քայլի մասին, ինչն էլ ավելի է վրդովեցնում կանանց: Տարածքում, բացառությամբ կառույցի շինարարական գծովի պատասխանատուի, ոչ մի այլ պատասխանատու չկար, բոլոր դռները  փակ էին, չկային նաև ադմինիստրատիվ աշխատողները: Բանվորուհիներից մի քանիսը լրագրողներին ասացին, որ մինչև օրս չգիտեն անգամ՝ ով է իրենց անմիջական ղեկավարը:

«Մենք չգիտենք, թե ինչ է մեր ղեկավարի անունը, ով է մեր ղեկավարը: Չեն էլ փորձում նույնիսկ այսքանից հետո գալ ու մեր խնդիրները լսել: Մի լավ տնօրեն ունեինք՝  Սեյրան Պետրոսյանը, թողեց գնաց, միայն նա էր մեզ լսում, հիմա, ինչ նա հեռացել է այս աշխատանքից, այլևս մեզ լսող չկա: Չենք հասկանում՝ Հայաստանում ոչ մեկը չկա՞, որ կարողանա լծակներ գործել ու մեր հարցերին ու պահանջներին լուծումներ տալ»,-նշեց Անահիտ Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ բանվորուհիների բողոքը շարունակական է լինելու, եթե  այս անտարբեր վերաբերմունքը շարունակվի:

Գործարանի ղեկավարությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանում այս աղմուկը։

Ընկերությունը գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակում:

Sasstex ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել էր նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս