Բաժիններ՝

Եվրամիությունը հաստատեց շենգենյան երկարաժամկետ բազմաայցագրերի ստացման պայմանները

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել այցագրային օրենսգրքի ուղղումներին, որոնք սահմանում են մեկ տարով, երկու տարով եւ հինգ տարով շենգենյան բազմակի այցագրերի ստացման պայմանները։ Մեկ տարով այցագիրը կարելի կլինի ստանալ, եթե դիմողը կատարում է մուտքի պայմանները եւ նախորդ երկու տարվա ընթացքում ստացել եւ օրինականորեն օգտագործել է երեք կարճաժամկետ այցագրեր: Երկու տարով այցագիրը կտան այդ նույն նախորդ երկու տարվա ընթացքում մեկ տարվա բազմաայցագիր ստանալու պայմանով: Հնգամյա բազմաայցագրի կարող է հավակնել նա, ով ճիշտ է օգտագործել երկամյա այցագիրը երեք տարվա ընթացքում:

Ապրիլին այդ ուղղումներին հավանություն է տվել Եվրախորհրդարանը, այժմ մնում է Եվրամիության խորհրդի ձեւական հաստատումը, ինչից հետո նոր կանոնները կհրապարակվեն, իսկ կես տարի հետո կմտեն ուժի մեջ: Ենթադրվում է, որ դրանք կվերաբերեն ավելի քան հարյուր երկրների զբոսաշրջիկների: Եվրամիության պաշտոնյաների հավաստիացմամբ՝ այդ փոփոխությունները նախատեսում են «լավագույն պայմաններ բարեխիղճ ճանապարհորդների համար»:

Ինչ վերաբերում է ռուսաստանցիներին, ապա նրանց համար գլխավոր հարմարություններից մեկը կդառնա Եվրամիությունում համաձայնեցված մոտեցման ներդրումը «դրական այցագրային պատմությամբ» ճանապարհորդներին բազմակի այցագրեր տալու նկատմամբ՝ մեկ տարուց մինչեւ հինգ տարի աստիճանաբար ավելացող ժամկետով:

«Դրական այցագրային պատմությունը» ենթադրում է նախորդ այցագրերի պայմանների խախտումների բացակայություն, մասնավորապես այցերի նպատակների եւ ժամկետների առումով: Հենց այդ պատճառով էլ բարենորոգումը նախատեսում է ստուգումների խստացում տվյալների բոլոր պահոցների գծով եւ «նույնականացման տվյալների ընդհանուր պահոցի» ստեղծում (CIR)՝ կոնկրետ մարդկանց շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս