«Մի կողմ է շպրտվում այդ զրույցների էությունը, որոնք տեղի են ունեցել Արցախում, այնինչ այդ դրվագի մեջ լեփ-լեցուն հակասություններ կան». Լարիսա Ալավերդյանը՝ վարչապետի հայտարարությունների մասին

Չկա առանձին արցախյան կամ ղարաբաղյան խնդիր, կա հայության լինել-չլինելու կամ ինչպես լինելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ վերջին  զարգացումներին,  տարածաշրջանային գործընթացներին։

Իրավապաշտպանը նշեց, որ հայության կողմից ակնկալում է տեսնել այնպիսի քայլեր, որոնք կկանխեն ադրբեջանական նկրտումները.

«Իլհամ Ալիևը ելք չի թողնում երկմտության համար։ Ամեն ինչ ասում է. լկտի արտահայտություն է արել անգամ, ասել է՝ սպառվել է այն ժամանակը, որը Ադրբեջանը տվել է Հայաստանին։ Այդ բառապաշարը փողոցային բառապաշար է։

Եվ եթե քո հարևան երկրի նախագահն այդ բառապաշարով է խոսում, դա առնվազն ազդակ պիտի լինի, որ մենք հաստատ մեկ տարին ոչ արդյունավետ ենք օգտագործել, կամ օգտագործել ենք ոչ այն ուղղությամբ»։

Ալավերդյանը տեղեկացրեց, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատահական կամ անսպասելի չեն ձեռնարկվել, քանի որ այդ երկրներն ունեն 20 տարվա համագործակցության ծրագիր, որում ներառված են և՛ զորավարժությունները, և՛ հռետորաբանությունն ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաների կիրառումը։

«Թուրքիան ու Ադրբեջանը գործում են համակարգված և նպատակասլաց, ինչը չէի ասի հայության մասին (ասեմ՝ հայության, որ չստացվի՝ զուտ իշխանության մասին եմ խոսում)։

Եվ այդ ամենը տեղի է ունենում  Ադրբեջանի համար ոչ միայն երկար սպասված, այլև այդ ուղղությամբ աշխատել է Ադրբեջանը, որ Արցախ-Հայաստան, լինի հասարակություն, լինի այն մակարդակներով, որով ընդհանրապես ընդունված չէ բացահայտել հակասությունները»,- մանրամասնեց Լ. Ալավերդյանը՝ անդրադառնալով նաև վարչապետ Փաշինյանի՝ դավադրությունների մասին հայտարարություններին։

Հիշեցնենք, որ անդրադառնալով դավադիրների և հողեր հանձնելու մասին հայտարարություններին՝ վարչապետը նշել էր, որ այդ մասին խոսել է դեռևս Գորիսում նախընտրական հավաքի ժամանակ:

Ըստ նրա՝ և՛ ԼՂՀ-ի, և՛ ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ ինքը ներկայացրել է Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը և հետաքրքրվել է՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ։

«Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ՝ ա՛յ էս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էս մարդը դուրս ա գալիս, իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, թե Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա ինքը դա անում:

Ինքը գիտի 100%-ով, թե ինչ ա կատարվում: Եվ ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղակ չեն եղել»,- ասել էր վարչապետը:

Ալավերդյանն անդրադառնալով այս ձևակերպումներին՝ նշեց, որ այն հռետորաբանություն է, որն ավելի հարիր է ընդդիմադիր թերթին.

«Եթե այս ամենը, ինչ որ ասվում է այսօր, ժամանակի ընդդիմադիր թերթի ու նրա ուժի կողմից ասվեր, այդ ամենը զարմանալի չէր լինի, որովհետև դա էր այն հիմնական հողը, որի վրա կանգնած էին նրանք։

Այն, ինչ տեղի ունենում այսօր, այսինքն՝ երկրի ղեկավարը կա՛մ պատասխանում է, կա՛մ արձագանքում է սոցցանցերում մեկ քաղաքացու գրածին… Ես պետք է ասեմ, որ կան շփվելու աստիճաններ ու լեզու։

Մի կողմ է շպրտվում այդ զրույցների էությունը, որոնք տեղի են ունեցել Արցախում։ Դա չի քննարկվում, այնինչ այդ դրվագի մեջ լեփ-լեցուն հակասություններ կան։ Պարզվում է, որ ՀՀ ղեկավարը հավակնում է ներկայացնել նաև Արցախի դիրքորոշումը, այլապես ինչո՞ւ պիտի համաձայնեցնի իր տեսակետն արցախցիների հետ։ Եվ երկրորդը՝ այդ ի՞նչ է ասվել, այդ ի՞նչ տեսակետ է արտահայտվել օգնականի կողմից կամ հենց ղեկավարի կողմից, որն ընկալվել է՝ որպես տարածքներ հանձնել։

Այն մանիպուլյատիվ հնարքները, որոնք օգտագործվում են անցյալ տարվանից՝ հայաստանյան հասարակությանը փորձություններով անցկացնելու համար, որոնցով աշխատում են, կարծես թե շեղում է բոլորի ուշադրությունը բուն թեմայից, որի շուրջ Արցախում տեղի են ունեցել հանդիպումները։

Վարչապետն ունի այնպիսի դիրքորոշում, որն այդպիսի մտքեր է առաջացնում, թե ուզում են հանձնել հողերը։

Վարչապետն ասում է՝ ես ասել եմ՝ դուք ինձ հետ համաձա՞յն եք, իրենք ասել են՝ այո, հետո տարածել են, որ Հայաստանը պատրաստ է հանձնել հողերը, այսինքն՝ կամ դա սխալ է ասվել, կամ լավ չի ասվել. թե չէ ինչո՞ւ պետք է այդպես ընկալվի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս