«Իրանի շուրջ ընթացող գործընթացներին Հայաստանը չի արձագանքում, կան ռիսկեր, որոնք պետք է կառավարել». Իրանագետ

Տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանի հարավային հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումները չեն կարող չհետաքրքրել Հայաստանին։ Այս հարթությունում տեղի են ունենում հետաքրքիր, որոշ դեպքերում էլ՝ անհանգստացնող գործընթացներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։

Նրա խոսքով՝ Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից կարևոր է Իրան-ԱՄՆ հարաբերությունները, քանի որ այդ երկու պետությունների միջև տեղի ունեցող զարգացումներն ուղղակի կամ անուղղակի ազդում են Հայաստանի ներսում տեղի ունեցող որոշակի գործընթացների վրա։

Նրա դիտարկմամբ՝ այժմ Իրանի և ԱՄՆ-ի միջև հռետորաբանությունը լարված է։
«Այս համատեքստում որոշակի ռիսկեր են առաջանում նաև Հայաստանի համար։ Իրանագետներս բազմիցս զգուշացրել ենք, որ հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել մեր բանկային, ֆինանսական համակարգը՝ կապված Հայաստան-Իրան առևտրաշրջանառության հետ։ Սկզբում խնդիրներ առաջացան Իրանի քաղաքացիների բանկային հաշիվների հետ, թե ինչպես այդ խնդիրը կարգավորվեց, առանձնապես տեղյակ չեմ։ Բոլորովին վերջերս հայաստանյան բանկերից մեկը հատուկ պաշտոնական հայտարարություն տարածեց, որից բխում էր, որ Իրանի հետ ոչ միայն բանկային փոխանցումների խնդիրներ ենք ունենալու, այլև՝ բեռնափոխադրումների հետ, ինչը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար»,- նշեց իրանագետը։

Գույները չխտացնելով և իրավիճակը չուռճացնելով՝ Վարդան Ոսկանյանն ասաց, որ կան մեծ ռիսկեր, որոնք պետք է կարողանալ կառավարել, քանի որ Հայստանում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները կամ արձագանք չեն գտնում, կամ արձագանքում են, այն էլ՝  իրականության չհամապատասխանող  ծավալներով։

«Մեր երկիրը զբաղված է հիմնականում ներքաղաքական զանազան խնդիրների քննարկումներով, շատ դեպքերում այդ խնդիրները ներքաղաքական էլ չեն, դրանք կենցաղային մակարդակի խնդիրներ են, որի արդյունքում երկրի համար կարևոր նշանակություն ունեցող գործընթացներից անհաղորդ են մնում։ Ակնհայտ է, եթե չեն հետևում տարածաշրջանում ընթացող գործընթացներին և դրանց չեն արձագանքում, ապա առաջանում է խնդիրների մի կույտ, որի պարագայում չգիտեն, թե որտեղից սկսեն»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս