«Այս ամենի մեջ դիտավորություն կա». Մանվել Գրիգորյանի փաստաբանական խումբը կդիմի Եվրոպական դատարան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երեկ գիշերը կտրուկ վատացել է, որից հետո նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

168.am-ի հետ զրույցում Մ. Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի վիճակն այն աստիճան ծայրահեղ է եղել, որ ստիպված տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

«Մենք նորից Եվրոպական դատարան ենք դիմելու, որ մեթոդաբար իրականացվող խոշտանգումը շարունակվում է, և Մանվել Գրիգորյանը բուժման իր իրավունքից չի կարողանում օգտվել, ընդ որում` իր, այլ ոչ թե՝ պետության հաշվին։

Սրան զուգահեռ՝ այն քրեակատարողական հիմնարկը, որին գրավոր դիմել և ասել էինք, որ չենք ցանկանում, որ Գրիգորյանն իր բուժումն այնտեղ ստանա, մեզ մերժեցին։ Այսինքն՝ իմանալով, որ անձի առողջությանն այդ ամենը վնաս է, մեզ ասում են, որ քրեակատարողական հիմնարկն ավելի լավ սարքավորումներ ունի և կարող է «Նաիրի» ԲԿ-ի նման բուժում իրականացնել, սա լկտի ստերից մեկն է»,- ասաց Արսեն Մկրտչյանը։

Հարցին,  ի՞նչ հիմնավորմամբ Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ տեղափոխեցին քրեակատարողական հիմնակի հիվանդանոց, Արսեն Մկրտչյանը պատասխանեց՝ «գուցե քաղաքացիական հիվանդանոցում մնալով՝ Մանվել Գրիգորյանը չմահանար, իսկ տեղափոխելու պարագայում ֆիզիկական մահն անպայման վրա կհասներ»։

«Կարծում եմ՝ այս ամենի մեջ դիտավորություն կա, վնաս պատճառելու նպատակ։ Մանվել Գրիգորյանը բարձր կամային հատկություններ ունի, բացի դրանից, նրան պահելու ոչինչ չկա, սա զուտ պատահականություն է, որ նա դեռ այսքանից հետո ողջ է»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկի «Դատապարտյալների հիվանդանոց»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս