Եթե քննիչ հանձնաժողովը պարզի, որ ԶՈՒ-ն պատրաստ չի եղել պատերազմի, արդյո՞ք դա ենթակա է հրապարակման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը մեկն է համարում. պարզել՝ արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին:

«Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, այլ երաշխավորելու, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»,- ասել է վարչապետը՝ միաժամանակ նկատելով, որ մեղավորները պատժվելու են:

Երկակի իրավիճակ է ստեղծվում՝ եթե հանձնաժողովը պարզի, որ ԶՈՒ-ն պատրաստ չի եղել պատերազմի, արդյո՞ք դա ենթակա է հրապարակման՝ հաշվի առնելով պետության անվտանգային խնդիրները: Մյուս կողմից՝ եթե այդ բացահայտումը չհրապարակվի, ինչպե՞ս են պատժելու մեղավորներին: Մեկ այլ հնարավոր տարբերակ, որը չեն բացառում հենց իշխանության ներկայացուցիչները, այն է, որ արդյունքում պարզվի՝ որևէ հանցավոր արարք թույլ չի տրվել, և մեղավորներ չկան:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «168 Ժամի» հարցին ի պատասխան, թե արդյո՞ք կհրապարակվի, եթե պարզվի, որ բանակը պատրաստ չի եղել պատերազմին, նախ հայտարարեց, որ չի կարող որևէ կասկած լինել, որ ինքը չի բարձրաձայնի որևէ հարց, կամ հանձնաժողովը գնա կոծկման ճանապարհով: Մեր դիտարկումից հետո, որ խոսքը երկրի անվտանգության մասին է, Ա.Քոչարյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքը լինելու է փակ, բայց չեն թողնի, որ բամբասանքն ու կասկածամտությունը հասարակության մեջ արմատավորվեն, կամ սոցիալական ցանցերում ինչ-որ տեսակետներ սկսեն շրջանառվել և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրեն:

Կարդացեք նաև

«Մենք կգտնենք ձևաչափ, որ հասարակությանն ինչ-որ գործողությունների ուղղությունների մասին տեղեկություններ փոխանցենք: Վերջնահաշվարկում զեկույցները լինելու են բաց, բայց նրանց մեջ կարող են լինել այնպիսի թեմաներ, որ ազգային անվտանգության տեսանկյունից գուցե սահմանափակ քանակությամբ մարդիկ իրավասու լինեն դրանց ծանոթանալու: Ես դա չեմ բացառում, բայց այս պահին որևէ եզրահանգման եկեք չգանք, կարող է մեր աշխատանքի արդյունքում պարզվի, որ ոչ մի բան էլ չկար: Բայց այդպես չի լինում»,- ասաց Ա.Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս