
Փաշինյանը ներկայացրեց դատավորներին վեթինգի ենթարկելու մեխանիզմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ այսօր էլ կան դատավորներ, որոնց վեթինգի ենթարկելու դեպքում որևէ խնդիր չի գտնվի, սակայն կան նաև դատավորներ, որոնք ընդհանրապես բան չունեն անելու:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ն.Փաշինյանը ներկայացրեց, վեթինգի մեխանիզմը՝ ստեղծվում է հակակոռուպցիոն դատարան, միջազգային դոնորներին փորձում են համոզել, որ ամբողջ ֆինանսական բեռը վերցնեն իրենց վրա, հանրությունը տեսնի, որ անկախ դատական համակարգն օգուտ է պետությանն ու յուրաքանչյուր քաղաքացու, 3 տարվա ընթացքում կբարձրացնեն թոշակները և այլն, և կասեն ժողովրդին՝ դատավորները ամսական պետք է ստանան 2.5-3 մլն դրամ աշխատավարձ, որովհետև դա պետք է ժողովրդին, ոչ թե իշխանությանը:
Փաշինյանը նշեց, որ այս խնդիրը քննարկել են միջազգային գործընկերների հետ, նրանք ի գիտություն են ընդունել, և աշխատանքը պետք է շարունակվի, որ այդ աջակցությունը ցուցաբերվի:
Վարչապետը հիշեցրեց, որ երբ դատական համակարգին նվիրված իր ելույթում հույս էր հայտնում, որ ԵԽ-ն, ԵՄ-ն կաջակցեն, նկատի ուներ նաև բովանդակությունը. «Մեզ պետք է միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող դատարան, որի կայացրած վճիռը որևէ մեկի մտքով չանցնի՝ վարչապետը սենց ուզեց, էս մեկին բռնեց, էս մեկին բաց թողեց»: