Ինչ կտա Հայաստանին Հունաստանի և Կիպրոսի հետ համագործակցությունը

«Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հաջողությունը մեծապես կախված է այդ համագործակցության օրակարգից»,-  այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցության մեկնարկին։

Հիշեցնենք, որ հունիսի 3-4-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնել է Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը:

«Իմ այցի նպատակն է՝ հիմք դնել նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը, որը բավական խոստումնալից է և բավական ներուժ ունի»,- Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Թուրք վերլուծաբանը նշեց, որ սա անակնկալ էր Հայաստանի կողմից, որին պետք է ուշադրությամբ հետևել։

Ջենգիզ Աքթարը դեռևս օրակարգին ծանոթ չէ, այն, ըստ նրա՝ ամենայն հավանականությամբ շրջանառության մեջ կհայտնվի եռակողմ ձևաչափով հանդիպումից հետո։ Սակայն, ըստ նրա, առաջին հայացքից հասկանալի է, թե ինչն է կապում այս երեք երկրներին, բացի պատմաքաղաքակրթական կապերից, որոնք մեջբերվում են։ Աքթարի խոսքով, Թուրքիայի հետ խնդրահարույց հարաբերություններ ունեն թե՛ Հայաստանը, և թե՛ Հունաստանը, որի հետ վերջին տասնամյակի ընթացքում Թուրքիայի հետ բանակցությունները կիպրական խնդրի շուրջ շարունակվում են բավականին անկայուն ընթացքով։

«Եթե հայ-թուրքական հարաբերությունների դեպքում կարծես քննարկումները և լարվածությունը թաղված է, ապա մյուս խմբի դեպքում հակասությունները և տարաձայնությունները բավականին խորն են, և նաև վերջին ամիսներին, թեև եղել են բանակցություններ Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարների միջև բավականին լայն օրակարգով՝ Էգեյան ծովում տարածքային հակասություններ, Թուրքիայի ԵՄ անդամակցություն, որը կանգնեցված է, և ոչ միայն՝ Հունաստանի պատճառով, փախստականների խնդիր, կիպրական կարգավորում, էներգառեսուրսներին առնչվող խնդիրներ, և այլն։

Այդ բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքների, և դա բավականին դժվար է, քանի որ նշածս բոլոր խնդիրներն ունեն իրենց զարգացման առանձնահատկությունները,  ժամանակ առ ժամանակ դրանցից յուրաքանչյուրի հարցում լարվածություն է բռնկվում, և այս բոլորի շուրջ համաձայնությունը բարդ խնդիր է, ԵՄ-ի համար լուրջ սպառնալիք։ Թուրք-ամերիկյան հարաբերությունները ևս լարված են, և ԱՄՆ-ը փորձում է համագործակցությունը խորացնել Հունաստանի հետ, և այս իրավիճակում Հայաստանի փորձը՝ ստեղծել հակաթուրքական բևեռ, հաշվարկված քայլ է, որը կոնկրետ Թուրքիայի հետ հարաբերություններում ոչինչ ըստ էության չի փոխի, բայց կամրացնի հայկական կողմի դիրքերը թուրք-ադրբեջանական տանդեմի հարցում։ Քաղաքականության մեջ նման համագործակցություններն ընդունված ձևաչափ են։

Ավելին, որքան քաղաքականության սահմաններն ավելի լայն են, այնքան այդ քաղաքականությունն ու խնդիրներն ընկալելի են։ Նման համագործակցությունների կարիք Հայաստանն ունի, քանի որ կտրված է տարածաշրջանային բոլոր լուրջ համագործակցություններից: Ավելին, կարիք ունի համագործակցությունների հենց մոտ հարևանությունում, որը կբարձրացնի Հայաստանի անվտանգությունը։ Հունաստանի հետ ձևաչափի ձևավորումն ամենայն հավանականությամբ նպատակ ունի նաև ԵՄ-ին դրական ազդակ հաղորդել։ Օրակարգից շատ բան է կախված լինելու։ Այնուամենայնիվ, լավ օրակարգի դեպքում դա կարող է Հայաստանի համար հեռանկարային համագործակցություն լինել՝ անկախ թուրքական գործոնից»,- ասաց Աքթարը։

Տեսանյութեր

Լրահոս