Բաժիններ՝

ՄԻՊ-ը սոցիալական ցանցերում ատելության խոսքի աճը համարում է խիստ մտահոգիչ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նկատում է, որ սոցիալական ցանցերում հասարակությունը, կարծես թե, բաժանվել է երկու խմբերի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: Թաթոյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին: «Ձեր խոսքում նշեցիք ատելության խոսքի աճի մասին։ Խոսքը, կարծես թե, վերաբերում է սոցիալական ցանցերում տիրող վիճակին: Արդյոք սոցցանցերում ատելության խոսքի հստակ ուղղորդում նկատում եք»,-հետաքրքրվեց պատգմավորը:

Թաթոյանը նշեց, որ սոցիալական ցանցերում վիճակը լավագույններից չէ: «Այն խիստ մտահոգիչ է: Սոցիալական ցանցերից դուրս իրականությունը, կարծում եմ, որ բոլորովին այլ է: Փողոցում ժպտացող մարդը կարող է ատելություն, վիրավորանք պարունակող գրառումով հանդես գալ սոցիալական ցանցում: Այն մտահոգիչ դրսևորումներ ունի: Հասարակությունը կարծեք թե բաժանված է խմբերի՝ անմիջապես իրար պիտակելով հեղափոխական, հակահեղափոխական և վիրավորական բառերով»,-ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցում մեծ դեր ունեն հանրային իշխանության մարմինները՝ իրենց գործով, խոսքով, օգտագործվող բառերով, որպեսզի նպաստեն համերաշխության մթնոլորտի ձևավորմանը: Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերում լարվածության ֆոնը շատ է, ներկա վիճակը երկարաժամկետ հեռանկարում բռնություն գործադրելու տեսանկյունից համարվում է վտանգավոր: Նա համաձայնեց պատգամավորի հարցադրմանը, որ սոցիալական ցանցերում երբեմն նկատվում են ուղղորդումներ, սակայն դժվարացավ նշել, թե դրանք որտեղից են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս