Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը 52 օրվա բացակայությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չենը, հայտնվել է հանրության առաջ՝ դրանով իսկ հերքելով այն լուրերը, թե նա մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին պատժվել է Հանոյում ձախողված ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի համար։
Ինչպես հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հունիսի 3-ին Կիմ Յո Չենը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ «Մայիսի մեկ» մարզադաշտում դիտել է մարմնամարզիկների եւ արտիստների «Ժողովրդի երկիրը» ելույթը:
Իր հերթին Հարավային Կորեայի «Ռյոնհապ» գործակալությունը նշում է, որ ԿԺԴՀ-ի պետական զանգվածային լրատվամիջոցներում Կիմ Յո Չենի այդ հայտնվելը առաջինն է դարձել ապրիլ ամսից ի վեր, երբ նա մասնակցել է Ժողովրդական գերագույն ժողովի նիստին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: