Բաժիններ՝

«Հայաստանը մնում է այն երկրներից մեկը, որտեղ երեխայի ապահով մեծանալը շատ ավելի քիչ է վտանգված, քան այլ երկրներում». հոգեբան

Մենք այն ազգերին ենք պատկանում, որոնց համար երեխաներն ամենակարևորն են։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում անդրադառնալով մեր երկրում երեխայի պաշտպանության հարցերին։

«Այլ ազգերը նույնպես կարևորում են երեխաներին ու նրանց դաստիարակությունը, բայց քանի որ հայերիս պոպուլյացիան շատ ցածր է, դրա համար մեզ մոտ ամուսնացած զույգին տրվող հարցերից առաջինը՝ «երեխա ունե՞ս»  հարցն է»,- ասաց նա:

Իրինա Ծատուրյանը նշեց նաև, որ մեզ մոտ յուրաքանչյուր ընտանիք ձգտում է երեխային մատուցել  իր պատկերացումներով ամենալավը. «Բազմաթիվ մարդիկ վերցնում են պարտքեր, վարկեր, որպեսզի տան կրթության, երեխայի կարիքները հոգան։ Այս առումով մենք կարող ենք փաստել, որ մենք պատկանում ենք այն ազգերին, որոնք երեխաների համար ոչինչ չի խնայում»։

Հոգեբանը, սակայն, ընդգծեց, որ լինում են իրավիճակներ, երբ դրական վերաբերմունքի չարաշահումն օգտակար չի լինում երեխայի համար. երեխան դառնում է կամակոր։ Ըստ նրա՝ երբ երեխան սխալ է դաստիարակվում, արդեն պաշտպանության համար նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, քանի որ երեխան, որը երբեք մերժում չի ստանում ընտանիքում, դրսում արդեն կարող է խնդիրների բախվել՝ սոցիումին չմերվել, լինել կոնֆլիկտային, «քանի որ տանը մի բան է տեսնում, դրսում՝ այլ բան»։

«Ընդհանրացնելով սա՝ պիտի ասենք, որ պաշտպանությունը նաև այն է, երբ երեխան պիտի ստանա այն, ինչից չի վնասվում»,- ասաց հոգեբանը։

Թե ինչ վտանգների են բախվում երեխաները Հայաստանում՝ հարցին ի պատասխան՝ հոգեբանը շեշտեց  ընտանեկան կոնֆլիկտների դերը՝ անհաշտ ծնողներ, ամուսնալուծություններ և մանկապարտեզում ու դպրոցում հարաբերությունների կառուցում։

Մասնավորապես դպրոցների հարցում Ի. Ծատուրյանը բազմաթիվ խնդիրներ է տեսնում. «Մենք գիտենք, որ այսօր մեր դպրոցներում կա ոչ շատ առողջ վիճակ։

Խնդիրներ կան նաև մանկավարժների հետ, նրանք հաճախ կարող են լինել ոչ հարգալից։ Վերջին տարիներին մի միտում կա, որ երեխաներին արգելում են տանն ասել, թե ինչ է տեղի ունեցել դպրոցում, և դպրոցի անձնակազմը փորձում է ինքնուրույն լուծել ծագած խնդիրները՝ առանց երեխայի ծնողներին տեղյակ պահելու։ Ծնող-ուսուցիչ համագործակցության դաշտի բացակայության պատճառով տուժում են երեխայի դաստիարակության հարցերը. ծնողի վարկը երկրորդայանացվում է, և ինչ-որ տեղ առաջ է մղվում դպրոցի ուսուցչի վարկը։

Հետո գալիս են դեռահասության հարցերը, երբ ի հայտ են գալիս ինչ-ինչ շրջապատներում ներգրավվելու խնդիրները՝ խաղամոլություն, թմրանյութերի օգտագործում և այլն»։

Ըստ հոգեբանի՝ այս պարագայում էլ դպրոցն անելիք ունի, քանի որ հիմա այդ խնդիրը թողնված է միայն ծնողի ուսերին։ Այդուահանդերձ, Ի. Ծատուրյանը նշեց, որ ամենուրեք միայն բացասականը չպետք է ասել, քանի որ թվարկվածների կողքին կան նաև լավ օրինակներ՝ թե՛ ընտանիքների, թե՛ մանկապարտեզների ու դպրոցների։

«Հայաստանը մնում է այն երկրներից մեկը, որտեղ երեխայի ապահով մեծանալը շատ ավելի քիչ է վտանգված, քան այլ երկրներում»,- ասաց հոգեբանը։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս