Արցախում դանակահարության միջադեպով լարվածություն է ստեղծվել

Արցախում նախընտրական գործընթացներին զուգահեռ՝ միջադեպերն իրար են հաջորդում: Երեկ երեկոյան դանակահարվել է ներկուսակցական խմորումներում հայտնի ակտիվիստներից մեկը, ով համարվում է ԼՂՀ նախկին վարչապետ, նախագահի հավակնորդ թեկնածու Արայիկ Հարությունյանի համակիրներից: Իսկ դանակահարող անձը՝ Կարմիրի նախկին գյուղապետի որդի Աբո Ավետիսյանը, հակառակ թիմից է, արցախցիները նրան ճանաչում են՝ որպես Սամվել Բաբայանի ակտիվ համակիրներից մեկը:

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության Ստեփանակերտի գրասենյակի դիմաց գրանցված դանակահարության դեպքն ավարտվել է ձերբակալություններով, իսկ ներքաղաքական և հասարակական դաշտում քննարկվում են հետագա հնարավոր զարգացումների տարբեր վարկածներ:

Մինչդեռ 168.am-ին փոխանցված տեղեկություների համաձայն՝ վեճը ծագել է ճանապարհին պատահաբար իրար հանդիպած քաղաքական հակառակորդ թիմերի ներկայացուցիչերի միջև, երբ տղամարդիկ սադրիչ արտահայտություներով սպառնացել են միմյանց: Մինչ այդ Ստեփանակերտի փողոցներով մեքենաներով իրար երկար հետապնդած երիտասարդները փոխադարձ վիրավորանքներով ու հայհոյախառն արտահայտություններով սրել են վեճը, ինչն ավարտվել է դանակահարության միջադեպով:

Արցախցիները միանշանակ հակված են կարծելու, որ այս միջադեպը Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան սրված հարաբերությունների վերջին զարգացումը չէ, և այն ուղիղ կապ ունի նախորդած կրակոցների հայտնի միջադեպի հետ:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, նախօրեին ձերբակալվել էին Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, ովքեր, ըստ արցախցի ֆեյսբուքյան օգտատերերի, թեև իրականում ֆինանսական պարտք ու պահանջի հողի վրա էին Սևան-Մարտունի ճանապարհին միջադեպ հրահրել, սակայն ներկայումս ներգրավված են Արայիկ Հարությունյանի կուսակցական ակտիվ աշխատանքների մեջ:

Ավելին, նրանք Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության տարածքային կառույցների ղեկավարներ են հանդիսանում, Ալեքսեյ Բալայանը համակարգում է Մարտակերտի շրջանի կուսակիցների ու համակիրների հետ աշխատանքը, Ռոլանդ Այդիյանը Շահումյանի շրջանում է ակտիվ աշխատանքներ տանում, Քարվաճառում նրան բոլորը ճանաչում են՝ իբրև նախկին վարչապետի մարդը:

168.am-ի տեղեկություններով՝ Ալեքսեյ Բալայանը նախկինում մի քանի քրեական գործերով անցած հայտնի թաղային հեղինակություն է, ով նախկինում հասցրել է մի քանի ծեծկռտուքի միջադեպերով աչքի ընկնել հենց Մարտակերտի շրջանում: Նրա ֆինանսական պարտքերը, ըստ աղբյուրի՝ հաճախ բարեկամաբար զրոյացրել, աջակցել է նույն Արայիկ Հարությունյանը՝ նախկինից ունեցած հարաբերությունների պատճառով:

Արայիկ Հարությունյանն ինքն էլ հաստատել է՝ ձերբակալված 2 անձանց էլ ճանաչում է, նրանց հետ կապեր ունի, Ալեքսեյ Բալայանը Ղարաբաղի լեգենդար հրամանատարներից մեկի՝ Վլադիմիր Բալայանի որդին է, ում աջակցել է բիզնես գործունեություն ծավալելու հարցում, իսկ Ռոլանդն իր կուսակցության համակիրներից է, իր վարչապետության ժամանակ զբաղեցրել է Քարվաճառի քաղաքապետի պաշտոնը։

Հետաքրքրականն այն է, որ արցախցիները չեն բացառում նաև նախկինից մնացած կենցաղային վեճերի թեման, սակայն նկատում են, որ այսօր երկու կողմերի միջև առկա լարվածության պայմաններում Արցախում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ ցանկացած խոսք ու զրույց արագ վերաճում է ծանր միջադեպի:

Արցախում, ասում են, երբեք այսքան սրված ներքին հարաբերություններ չեն նկատել:

Սադրիչ վերջին զարգացումների շուրջ քաղաքական հակառակորդ թիմերի գրասենյակները շարունակում են պնդել, որ միջադեպերը լիդերների քաղաքական ձգտումների հետ առնչություն չունեն, նախկինի դեպքում Արայիկ Հարությունյանն էր բացառում քաղաքական գործոնը, այս դեպքում Սամվել Բաբայանի գրասենյակն է հաղորդել, որ միջադեպի քաղաքական դրդապատճառներով սադրանքների վարկածը հորինված է, և, որ ոչ դանակահարողը, ոչ դանակահարվողն իրենց հետ կապ չունեն: «Մենք մեր բոլոր համակիրներին չենք ճանաչում և պատասխանատվություն չենք կրում նրանց արարքների համար»,- նշել էին հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս