Ձերբակալվել է 2 անձ. Սամվել Բաբայանի հետ կապված միջադեպը կապված է եղել փողային խնդիրների հետ
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակ արձակող անձանցից երկուսը երեկ ձերբակալվել են:
168.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրականում Սամվել Բաբայանի համակիրներին հետապնդող մեքենաներում եղել են մարդիկ, ովքեր երկար ժամանակ Սամվել Բաբայանի հետ փողային խնդիրներ ունեն:
Ուշագրավն այն է, որ Սամվել Բաբայանն ինքն էլ այս անձանց հետ պարտք ու պահանջի թեմաներով մինչ այդ հանդիպումներ է ունեցել, սակայն քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով՝ որոշել է արկածախնդրորեն այն կապել ԼՂՀ նախկին Վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:
Մայիսի 29-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհին պատահած միջադեպը Սամվել Բաբայանը ներկայացրել էր իբրև քաղաքական հետապնդում՝ կապված Արցախի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու և իր քաղաքական ձգտումների հետ՝ հատուկ նշելով. «Այս բանդաները՝ իրենց պարագլուխներով, ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա՝ ԱՀ նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»:
Նշենք, որ դեպքի առթիվ ձերբակալված երկու անձինք երևանցիներ են՝ Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը:
Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ նախօրեին Սամվել Բաբայանի գրասենյակն ահազանգող հաղորդագրություն էր տարածել, թե հետապնդման են ենթարկվել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի համակիրները՝ ընդգծելով, որ արցախցի համակիրները Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի անցած ազատամարտիկներ են և զինվորական կառույցներում աշխատած անձինք, որոնք ըստ էության Արցախի նախագահի թեկնածու Սամվել Բաբայանի քաղաքական համախոհներն են համարվում: Հետաքրքրական է նաև այն, որ Սամվել Բաբայանի գրասենյակից ահազանգողներն այս միջադեպը քաղաքական երանգներով ներկայացնելիս՝ հայտնել էին նաև բանդա որակված խմբի բոլոր տղամարդկանց անուները՝ նշելով. «Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերը, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները»: