
Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ կրակոցներն իրականում ուղղված էին Մարտակերտի քաղաքապետի որդուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհահատվածին կրակել են իրենց համակիրների մեքենայի ուղղությամբ, կրակողներն էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմներն են, որոնք ավելի ուշ ձերբակալվել են:
Մինչ այս գործով նախաքննություն է ընթանում, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան: Դեպքից մեկ օր առաջ այդ նույն մեքենայով ՀՀ է եկել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի որդին, որը, սակայն, ճանապարհին իջել է, իսկ մեքենան ուղեւորվել է Երեւան, հաջորդ օրը վերադարձել դեպի Արցախ: Կասկածներ կան, որ ճանապարհին հնչած կրակոցներն իրականում «ուղղված են» եղել Մարտակերտի քաղաքապետի որդուն, թեեւ ինքը չի եղել մեքենայի մեջ:
Արցախում տարածված լուրերի համաձայն` այս երկու թիմերի միջեւ դեռ հունվարին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, անգամ հիմա դատավարություն է ընթանում: Չի բացառվում` Սեւան-Մարտունի ճանապարհին կատարվածը դրա հետեւանք է: Մեկնաբանությունների համար դիմեցինք Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, սակայն նա նշեց, թե ոչինչ չի կարող ասել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: