«Դադարեք անհարկի վհուկների որսը և մի քիչ մտածեք եղածը զարգացնելու, այլ ոչ թե քանդելու ուղղությամբ». Մեսրոպ Մանուկյան  

«1000 դրամների»  հիմնադրամից այսուհետ դրամներ դուրս կգան ոչ միայն փոխհատուցման տեսքով, այլև  տարբեր նպատակներով,  ընդհուպ՝ ամենաանհեթեթ պատճառների հիմքերով: Այդ պայմանները հիմնադրամի հետագա գործունեության համար երեկ ստեղծվեցին ԱԺ-ում՝   իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորական խմբի քվեարկության արդյունքում: Իշխող ուժը, անհասկանալի պատճառներով, դեմ քվեարկեց մի նախագծի, որով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն առաջարկում էր հիմնադրամի կանոնադրական նպատակներից բացի՝ ցանկացած այլ դրդապատճառով գումարներ դուրս բերելու սահմանափակումներ դնել:

Բանն այն է, որ այսօր «Ազդարար» կոչվող պետական  տեղեկատու հարթակի համար դուրս գրվող 100.000 դրամի ծառայությունը հիմնադրամի  կանոնադրական նպատակների մեջ չի մտնում, և առհասարակ,   հանրության միջոցներով գործող հիմնադրամը հատուցում է միայն զինհաշմանդամների կամ զոհված զինվորականների ընտանիքներին, որևէ այլ նպատակով  այստեղից մեկ լումա անգամ դուրս չի գրել: Իսկ երեկվա նախագծին դեմ քվեարկելն իրականում վատ նախադեպ է ստեղծել հետագա գործունեության համար։ Այս կարծիքին են հիմնադրամի պատասխանատուները:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ  Մանուկյանը  վրդովված է երեկվա քվեարկության արդյունքներից և  ծածուկ նպատակներ է տեսնում իշխող ուժի պատգամավորական խմբի դրսևորած այդ վարքագծի մեջ:

«Մենք շահագրգռված պիտի լինենք, որ «Ազդարարի» համար չվճարելով՝ նաև նախադեպ չստեղծենք հետագայի այլ նպատակներին ծառայելու համար, մենք վտանգավոր նախադեպ ենք ստեղծել»,- ասում է Մեսրոպ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստին հայտնել է, որ ինքն էլ շատ մտահոգ է այդ առիթով և առաջարկել է  օրենսդրական լուծում տալ հարցին, որպեսզի հիմնադրամի կանոնադրական նպատակներից դուրս դրական շեղումներ  թույլ չտրվեն:

«Օրենքով հաստատված է, որ «Ազդարար» հարթակը բոլոր հիմնադրամների հայտարարություններին պետք է  վճարովի սպասարկի, մինչդեռ խնդիրն այն է, որ մեր հիմնադրամի դեպքում բացառություն պետք է լինի, որպեսզի ստիպված չլինենք այսօրվա 100.000 դրամից հետո, վաղն էլ՝ մեկ այլ նպատակի համար, հեշտությամբ դրամներ դուրս տալ։  Երեկ հենց խնդիրն էր առաջ քաշում Տիգրան Ուլիխանյանը՝ նախարար Դավիթ Տոնոյանի պահանջով: Պահանջում էր, որ օրենսդրական լուծում տրվի և այսուհետ 1000 դրամների հիմնադրամն անվճար սպասարկվի «Ազդարարի»  կողմից: Բայց պատգամավորի առաջարկն իշխող ուժը մերժեց՝ անհեթեթ պատճառաբանություններով: Եվ ես տեսնում եմ, որ իշխող ուժի նպատակները կարծես այլ են… Հեղափոխական տրամադրություններով հույս ունեն, երևի, մի օր էլ այս բացառիկ մաքուր հիմնադրամի տարածք  ներխուժել, խաղի նոր կանոններ են փորձում սահմանել: Թույլ չենք տալու, վստահեցնում եմ… Այստեղ ժողովրդից հավաքվող ամեն լումա պիտի ծառայի  բացառապես զինվորականի ընտանիքի հատուցման նպատակին:

Ես ապշած էի երեկ՝ ԱԺ ամբիոնից  Նազելի Բադղդասարյան անունով պատգամավոր տիկնոջ  ելույթից: Հեղափոխական պատգամավորն իբր փորձ արեց արդարացնել թիմակիցների  քվեարկությունը և իրեն թույլ տվեց հիմնադրամի մասին արտահայտել բաներ, որոնք ապացուցեցին, որ այդ կինը հիմնադրամի գոյության իմաստը կարծես չի էլ հասկացել:

Ուստի ստիպված եմ դիմել տիկնոջը՝  տիկին, «ԴՈՒ» երևի լավ չես պատկերացնում, թե ինչ առաքելություն  ունի  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, կամ  այս բացառիկ հիմնադրամի մասին պատկերացումներդ  կազմել ես այն պրիզմայով, ինչպես  որ ինքդ ես  նախկինում աշխատել այլ  հինադրամներում:  Եթե երբևէ ինքդ այցելած լինեիր մեր հիմնադրամի շահառու գոնե մեկ ընտանիքի, կգիտակցեիր, թե որքան կարևոր է այս հիմնադրամի աջակցությունը նաև հոգեբանական, բարոյական իմաստով: Նրանցից շատերը  համարում են, թե որդին ողջ է, արտագնա աշխատանքի է մեկնել,  այնտեղից օգնում է իրենց:

Հոգեբանական այս նուրբ կողմը գնահատել է պետք հենց այդ մարդկանց տեսանկյունից:

Տիկի՛ն, հատուկ առոգանությամբ ընդգծում ես, թե հիմնադրամի տարեկան շրջանառությունը կազմում է 16 մլրդ  դրամ, իսկ դու մտե՞լ էիր այդ հաշվետվությունների թերթերի մեջ, քանի՞ ընտանիք ես բացահայտել շահառու, քանի՞ ծանոթ նվիրատու ես գտել քո նեղլիկ միջավայրից, քանիսի՞ն ես հայտնաբերել քայլող երիտասարդների շարքերից, քանիսի՞ն  ճանաչեցիր, որ նվիրատու են ու երբեք չեն բարձրաձայնել իրենց բարձր պատասխանատվության զգացումի մասին:

Այդպես մակերեսային թվե՞ր ես կրակում, Տիկին, իսկ հայտնի՞ է քեզ, որ այդ 16 մլրդ դրամը երկու տարվա պարտադիր վճարների, հանգանակությունների և հիմնադրամի ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում ստեղծված լրացուցիչ եկամուտների հանրագումարն է  կազմում:  Կարդում ես՝ առանց խորանալու թվերի տողերի մեջ մինչև վերջին նվիրատուն… Քո հրապարակած թիվը, տիկին, 2 ու կես տարվա հավաքագրումներն են հազիվ կազմում, պատկերացնո՞ւմ ես,  և սա՝ դեռ այն դեպքում, որ վարչապետի հրապարակած նոր աշխատատեղերի ու գրանցված աշխատուժի 1000 դրամները չկան, չեն արտացոլվում, չգիտես ինչու:

Հիշիր, մինչև այդ 50000 աշխատատեղը, հիմնադրամն իր առաքելությանը հավատարիմ, խորհրդի  ճիշտ կառավարման արդյունքում  լրացուցիչ միավոր է ստեղծում ու զինվորների ընտանիքներին հատուցելու՝ պետության պատասխանատվության բեռը վերցնում է իր վրա: Իսկ ի՞նչ ես ստեղծել Դու, Տիկին, բացի քո  եկամտից  պարտադիր պահվող 1000 դրամներից, գոնե հարյուր դրամով փորձե՞լ ես ներդրում անել Քո  բարի կամքով, Տիկի՛ն…Փորձիր մտաբերել, եթե, իհարկե, եղել է նման մի դեպք…

Երեկ ինքնագոհ հայտարարում էիր բարձր ամբիոնից, թե՝ տեսեք-տեսեք, «Ազդարարին» վճարվող գումարը չի հատուցում  զոհվածների և զինհաշմանդամների ընտանիքների գումարից… Սխալվում ես, Տիկին, օդից վերցրած սկանդալային հայտարարություններ անելու իրավունք չունես, և չունեք բոլորդ, սա բոլորին է վերաբերում:

Ուշադիր եղեք,  Դուք օրենսդիր մարմնի անդամ եք, գիտակցեք վերջապես, դուք այլևս  պետության ներկայացուցիչ եք համարվում, հասկանո՞ւմ եք… և  Դուք այս կերպարով իշխանությո՞ւն եք ներկայացնում, անհարմար է: Թեկուզ այդ փոքրիկ գումարը, բայց վճարվելու է, «ԶՈՀՎԱԾ և ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ» զինվորականների ընտանիքներին տրվող գումարներից է տրվելու:

Ո՞րն է Ձեր նպատակը։ Երեկ ողջ ֆրակցիայով սիմվոլիկ  նախադեպ ստեղծեցիք, որպեսզի հիմնադրամի գումարներն այսուհետ հնարավոր դառնա ցանկացած այլ նպատակով դուրս գրել: Ինչի՞ համար դա արեցիք, ո՞րն էր դրա խելամիտ արդարացումը: Հետագայի ի՞նչ թաքուն պլաններ եք փայփայում: Վիրավորական է …Առանց գիտակցելու հիմնադրամի որդեգրած նպատակը, իբր պետության փողերի համար խնայելու կռիվ եք տալիս, բայց սա հասարակության աջակցության պտուղն է, այս գումարները մարդիկ իրենց եկամտից են հանգանակում: Գոնե մի պատգամավոր չփորձեց այդ 100.000 դրամը խնայել՝ հանուն մեկ ընտանիքի, և դրանով փորձ աներ կանխել վաղը ցանկացած մեկի ձեռքով այս հիմնադրամից դրամների ելքերի ճանապարհը:

Խորհուրդ եմ տալիս, այսուհետ Ձեր ելույթից մեկ ժամ առաջ թեմային ծանոթացեք, կարդացեք, որքան շատ, այնքան՝ լավ Ձեզ համար ու ձեր քաղաքական թիմի, որ այսպիսի աբսուրդային որոշումներ չկայացնեք, հետո ամաչեք դրա համար:

Տիկին, Ձեզ և Ձեր թիմակիցներին ուզում եմ տեղեկացնել, որ ի սկզբանե  Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հիմնած  «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում անվճար են աշխատում համակարգող բոլոր անձինք,  նաև հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս հիմնադրամից գումարներ դուրս չեն գրվում անգամ   մարզային շրջայցերի, զինվորականների ընտանիքներին կատարած տնայցերի ժամանակ, հոգաբարձուները բացառապես իրենց միջոցներով են տեղաշարժվում… այնպես որ, դադարեք անհարկի վհուկների որսը  բոլոր վայրերում և մի քիչ մտածեք եղածը զարգացնելու, այլ ոչ թե քանդելու ուղղությամբ»,- զայրացած հայտարարեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ  Մանուկյանը:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս