Բարեկամ-ծանոթները, բաջանաղները և նախկին իշխանությունների կադրերը՝ Փաշինյանի թեկնածուների ցանկում

Կառավարությունը միանգամից 6 նոր թեկնածուի անուն է ուղարկել ԱԺ հաստատման, որպեսզի փոխվի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կազմը: Ընդ որում, ուշագրավ է այն, որ տնտեսական որոշումներ կայացնող անկախ մարմնում հեղափոխական ալիքով փոփոխություններ ձեռնարկած վարչապետը, որքան էլ ջանաց ձերբազատվել նախկին իշխանություների հետ ասոցացվող կադրերից, միևնույն է, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանից հետո փոխարինող անձը՝ Գեղամ Գևորգյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ փոխկապակցված անձ դուրս եկավ։ Կարեն Կարապետյանը Գեղամ Գևորգյանի կնքահայրն է:

Նույն իրավիճակն է ստացվել նաև ՏՄՊՊՀ անդամների մյուս թեկնածուների դեպքում: Կառավարությունից ԱԺ ուղարկված, բայց դեռևս օրակարգ չմտած նախագծում կարդում ենք նաև ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի բաջանաղի՝ Դավիթ Հովհաննիսյանի անունը, որը ՏՄՊՊ հանձնաժողովական էր դեռ Արտակ Շաբոյանի նշանակման օրվանից, այն էլ՝ երկու ցիկլով՝ 5+5 տարի պաշտոնավարելուց հետո նրա անհրաժեշտությունը զգացել են նաև հեղափոխական կառավարությունում: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կուրացիայով որոշվող կազմի հաջորդ թեկնածուն դարձյալ հներից է՝ Հայկ Կարապետյանը: Շաբոյանի գլխավորած ՏՄՊՊՀ իրավաբանական վարչության պետը դատախազություն և ապա՝ Կառավարություն օղակով պտույտ տված իրավաբան է, կրկին վերադառնում է հարազատ հանձնաժողով, որովհետև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի համակուրսեցին է, համարվում է Տիգրան Ավինյանից հետո նրա ամենամտերիմ մարդը:

Վարչապետ Փաշինյանի կազմած թեկնածուների ցանկում են հայտնվել նաև ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կադրերից Տիգրան Մարկոսյանը։ Վերջինս ՀՀ Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի ղեկավարն է՝ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի տնօրենը:

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կրթած լավագույն իրավաբաններից համարվող Տիգրան Մարկոսյանը պետական կառավարման ոլորտում է շուրջ տասնյակ տարի։ Իսկ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնած հիմնադրամը Մարկոսյանը ղեկավարում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակումից սկսած:

Վահե Չիբուխչյանը ևս հներից է, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից առաջադրված այս թեկնածուն տնտեսագետ է, նախկինում «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» տնօրենի տեղակալն է եղել: Իսկ նրան, ինչպես կռահում ենք կենսագրությունից, հայտնաբերել է կրկին ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը. նրանք միասին ներգրավված են եղել միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող և պետական կառավարման համակարգում ներդրված «Կարգավորիչ գելիոտին» ծրագրում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նույն նախագծով դարձյալ հներին են առաջարկում լեգալացնել՝ հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Սեդա Շահինյանին, ով այս պաշտոնում հաջորդել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղ Գարեգին Բաղրամյանին՝ ՀԾԿՀ պետ նշանակվելուց հետո, և Սերգեյ Աղինյանին, ով ևս հանձնաժողովի գործող կադրերից է և այստեղ է նախկին ղեկավար Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանից:

Վաղն այս անունների ցանկը վարչապետի միջնորդած նախագծով կընդգրկվի ԱԺ օրակարգ և առաջիկա նիստերից մեկին իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը կպարտավորվի մեկ մարդու նման սեղմել կոճակները, որպեսզի ձայների մեծամասնությամբ ապահովի նախկին իշխանության համակարգ բերած պաշտոնյաներին հաստատումը՝ տնտեսական անկախ մարմնում՝ ՏՄՊՊ հանձնաժողովի կազմում: Ստացվում է՝ նորի հույսով հեղափոխականները կոմպլեքսավորված քանդեցին գործող կառույցը, փոխեցին կազմը, որպեսզի նորից ապավինեն նախկին իշխանության կադրային ռեզերվին:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս