
Huawei-ի հիմնադիրը դեմ է Apple-ի հետ համագործակցության արգելմանը

Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը դեմ կլինի, որ Պեկինը, որպես իր ֆիրմայի դեմ ԱՄՆ-ի գործողությունների պատասխան միջոց, արգելք սահմանի Չինաստանի շուկա Միացյալ Նահանգների Apple-ի մուտքի համար։
«Ամենից առաջ, դա տեղի չի ունենա: Երկրորդ, եթե դա տեղի էլ ունենա, ես կլինեմ առաջինը, ով դեմ կլինի»,- հայտարարել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում: Նա պարզաբանել է իր դիրքորոշումը. «Apple-ն իմ ուսուցիչն է, ընկերությունն առաջատարն է: Ես կարո՞ղ եմ արդյոք, լինելով աշակերտ, հանդես գալ ուսուցչիս դեմ: Երբե՛ք»:
Ինչպես հաղորդվել է, ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշում է ընդունել Չինաստանի Huawei-ը ներառել այն ֆիրմաների ցուցակում, որոնց համար ԱՄՆ-ից մատակարարումները կարող են իրականացվել սոսկ հատուկ թույլատրագրերի հիման վրա: Ժեն Չժենֆեյն այս առնչությամբ Bloomberg-ին հայտարարել է, որ այդ արգելքը կարող է վնաս հասցնել իր ընկերությանը, բայց աննշան ժամանակով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: